Սպառազինությունների գերմանական Rheinmetall արտադրողը մարտունակ Leopard-2 տանկեր մատակարարել Ուկրաինային մինչեւ 2024 թվականը, հայտարարել է ընկերության ղեկավար Արմին Պապերգերը։
Վերանորոգման եւ արդիականացման պահանջները նշանակում են, որ տանկերի մատակարարումը կտեւի մինչեւ հաջորդ տարվա սկիզբը, «նույնիսկ եթե մեր Leopard տանկերը Կիեւ ուղարկելու որոշումը կայացվի վաղը»,- ասել է Պապերգերը Bild am Sonntag թերթին:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեռ պետք է որոշում կայացնի, թե կհամաձայնի արդյոք Գերմանիան հզոր Leopard-2 մարտական տանկեր ուղարկել Ուկրաինա։
Պապերգերի խոսքով՝ Rheinmetall-ն ունի 22 Leopard-2 տանկ եւ 88 ավելի հին Leopard-1 տանկ։ Գերմանիան ունի մոտ 350 Leopard-2 տանկ, սակայն հարցեր կան, թե որքան կարող է հատկացվել Ուկրաինա ուղարկելու համար։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը Leopard-2 տանկեր կփոխանցի Ուկրաինային, իսկ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն նույնպես մարտական տանկեր մատակարարելու պատրաստակամություն է հայտնել։
Գերմանիան, որը Leopard-2 է արտադրում, առանցքային դեր է խաղում, քանի որ մեքենաների վերաարտահանման վրա սահմանափակումներ են դրված։ Սակայն փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը անցյալ շաբաթ հայտարարել է, որ Բեռլինը չի խանգարի դաշնակիցներին, որոնք ցանկանում են տանկեր մատակարարել Ուկրաինային, թեեւ Գերմանիայի կառավարությունը դեռ տատանվում է նման քայլի կատարելու հարցում, հիշեցնում է Politico-ն։
Բեռլինի վրա ճնշումն ուժեղացել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան որոշում է ընդունել 14 Challenger-2 մարտական տանկ ուղարկել Ուկրաինա։
Պապերգերն ասել է, որ Rheinmetall-ը «առանց պայմանագրի» չի կարող վերանորոգել իր Leopard տանկերը՝ նշելով, որ արժեքը կկազմի «մի քանի հարյուր միլիոն եվրո»:





























