Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիությունը որդեգրի «Արտադրված է Եվրոպայում» ռազմավարությունը՝ ի պատասխան «կանաչ» ներդրումների սուբսիդավորման ամերիկյան սխեմայի, որպեսզի արդյունաբերական ընկերությունները չհեռանան Եվրոպայից եւ նվազի արտաքին մատակարարներից անդամների կախվածությունը:

ԵՄ առաջնորդները պետք է քննարկեն այս արդյունաբերական քաղաքականությունը փետրվարի 9-10-ը Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում՝ մտավախություն ունենալով, որ Գնաճի նվազեցման մասին 369 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան օրենքը, որը սուբսիդավորում է ապրանքները՝ մարտկոցներից մինչեւ էլեկտրական մեքենաներ, արեւային մարտկոցներ եւ հողմային տուրբիններ, ընկերություններին դուրս կբերի ԵՄ-ից։

«Ուստի այսօր չափազանց կարեւոր է եվրոպական արդյունաբերական հավակնոտ եւ ակտիվ քաղաքականություն վարելը։ Ֆրանսիայի իշխանություններն առաջարկում են ընդունել «Արտադրված է Եվրոպայում» ռազմավարության ձեւը, ասվում է Reuters-ի տեսած փաստաթղթում։

ԵՄ առաջնորդները անցյալ մարտին համաձայնել են, որ Եվրոպան պետք է նվազեցնի իր կախվածությունը էներգիայի, կարեւոր հումքի, կիսահաղորդիչների, դեղամիջոցների եւ սննդի արտաքին մատակարարներից:

Ֆրանսիական փաստաթուղթը կոչ է անում հրատապ քայլեր ձեռնարկել, մասնավորապես, պահպանել եվրոպական ընկերությունները, որոնք զբաղվում են արեւային մարտկոցների, մարտկոցների, ջրածնի եւ կարեւոր հումքի արտադրությամբ՝ նշելով, որ «Արտադրված է Եվրոպայում» ռազմավարությունը պետք է հիմնված լինի չորս սյուների վրա։

Առաջինը արտաքին մատակարարներից կախվածությունը նվազեցնելու եւ մինչեւ 2030 թվականը առանցքային ոլորտներում արտադրության թիրախներ սահմանելու ԵՄ նպատակներն են, որոնք կկարգավորվեն ԵՄ օրենսդրությամբ, ինչպես դա արեց դաշինքը կիսահաղորդիչների համար՝ Միկրոչիպերի մասին օրենքով։

ԵՄ-ն նաեւ պետք է պարզեցնի եւ արագացնի նոր արտադրամասերի տեղադրման թույլտվությունների տրամադրումը եւ վերանայի իր էներգետիկ շուկան, որպեսզի եվրոպական բիզնեսներին հասանելի լինի մատչելի էներգիա, ասվում է փաստաթղթում:

Երկրորդը կլինի ԵՄ կանոնների հրատապ փոփոխությունն այն օգնության վերաբերյալ, որը կառավարությունները կարող են տրամադրել ընկերություններին, որպեսզի COVID-19 համավարակի պայմաններում արդեն թույլատրված ընկերություններին շտապ պետական օգնությունը կարողանա ժամանակավոր հիմունքներով շարունակվել թիրախային ոլորտներում:

Կառավարության աջակցությունը կարող է տրամադրվել սուբսիդիաների կամ հարկային արտոնությունների տեսքով, ասվում է փաստաթղթում, որպեսզի պարզություն ապահովի բիզնեսի համար, երբ նրանք այժմ ներդրումային որոշումներ են կայացնում:

Երրորդ հենասյունը պետք է լինի ԵՄ-ի ֆինանսավորումը զգայուն ոլորտների համար, ինչը կօգնի հավասարեցնել անհավասար հարկաբյուջետային կարողությունը՝ ԵՄ ողջ արդյունաբերությանը աջակցելու համար: Սա կարող է իրականացվել որպես հիմնադրամ, որն օգտագործում է ԵՄ-ի համատեղ եւ հետեւաբար էժան վարկեր, որոնք այնուհետեւ կփոխանցվեն առանձին երկրներ՝ էժան վարկերի տեսքով:

Փարիզը նաեւ առաջարկել է ստեղծել «արտակարգ իրավիճակների հիմնադրամ», որը կուղղորդի այն գումարները, որոնք ԵՄ-ն արդեն համաձայնել էր հավաքել այլ նպատակներով, որպեսզի օգնի ԵՄ-ին ներդրումներ կատարել եվրոպական արդյունաբերության ռազմավարական նախագծերում, բացի ազգային պետական օգնությունից:

Վերջապես, մինչեւ 2023 թվականի վերջը ԵՄ-ն պետք է ստեղծի «ինքնիշխանության նոր հիմնադրամ», որը կստանձնի արտակարգ իրավիճակների հիմնադրամի գործառույթները՝ զգայուն ոլորտներում աշխատելու համար:

Ռազմավարության վերջին հենասյունը կլինի լիովին մոբիլիզացված առեւտրային քաղաքականությունը՝ ներառյալ առեւտրի պաշտպանության նորագույն գործիքները, ասվում է փաստաթղթում։

Նման միջոցները, եթե հայտարարվեն ԵՄ ղեկավարների կողմից փետրվարի 9-10-ի գագաթաժողովում, կհամոզեն գործարարներին տնտեսական գրավչությունն ամրապնդելու ԵՄ վճռականության հարցում եւ թույլ չեն տա ընկերություններին դուրս գալ Եվրոպայից, ինչն այժմ իրական ռիսկ է: