Նյու Յորքի ռեստորանատերերը բողոքել են բլոգերներից եւ նրանց երկրպագուներից, որոնք, հետեւելով սոցցանցերի թրենդներին, ճաշացանկում առկա հնարավորություններից տարօրինակ ուտեստներ են կազմում, որոնք հնարավոր չէ ուտել, գրում է New York Post-ը։

«Ես չեմ կարող ինձ ստիպել ինչ-որ խելահեղ խնդրանքներ կատարել, հատկապես, երբ դա իմաստ չունի: Դա մեր ԴՆԹ-ում չկա: Ոչ ոք իրար վրա 10 նրբաբլիթ ու 10 կտոր տապակած հավ չի ուտի»,- դժգոհել է Carnegie Diner ռեստորանի սեփականատեր Ստատիս Անտոնակոպուլոսը։

Նրա խոսքով՝ հաճախորդները խնդրում են իրենց համար բարդ եւ գրեթե ոչ ուտելի կերակուրներ պատրաստել՝ սոցիալական ցանցերում բովանդակություն ստեղծելու համար:

«Բանը հասնում է նրան, որ սովորական հաճախորդները, էլ չեմ խոսում TikTok-ը դիտողները, սկսում են մտածել, որ ոչ ազգային հաստատություններում ռեստորանների ճաշացանկերը պարզապես առաջարկ են»,- ասել է Zazzy's Pizza-ի սեփականատեր Ռիչի Ռոմերոն:

Ինչպես նշում է ռեստորանատերը, մարդիկ սկսել են ենթադրել, որ ռեստորաններն ու սրճարանները տարատեսակ ուտեստներով խանութներ են, որոնք կարելի է պատրաստել սեփական ցանկությամբ։ «Նրանք խնդրում են ճամայկայական տավարի կոտլետներ, որոնք կարելի է գնել խանութից մեկ դոլարով, պահանջում են լիարժեք իտալական ուտեստներ եւ, որ ամենավատն է, նրանք խնդրում են հավայան պիցցա՝ արքայախնձորով, որը մենք երբեք չենք անի»,- պարզաբանել է նա:

Այցելուների այս պահանջներն ի հայտ են եկել անհատական պատվերների տարածման հետ, որոնք հարիր են արագ սննդի արդյունաբերությանը: