Վիետնամի նախագահ Նգուեն Սուան Ֆուկը ստիպված է եղել հրաժարական տալ կոռուպցիոն սկանդալներին իր կնոջ եւ հարազատների ենթադրյալ մասնակցության պատճառով, հաղորդում է CNA-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ Ֆուկայի կինը եւ նրա հարազատները, իբր, 170 մլն դոլարի խարդախության մասնակից են եղել, որը կապված է COVID-19-ի թեստավորման համար նախատեսված հավաքածուների հետ:  

«Պաշտոնական հայտարարություններում կուսակցությունը չի նշել կոռուպցիայի խնդիրը, քանի որ նրանք ցանկանում են պաշտպանել կուսակցության հեղինակությունը»,-ասել է Յուսոֆ Իսհակի ինստիտուտի վիետնամական հետազոտությունների ծրագրի ավագ գիտաշխատող եւ համակարգող Լե Հոնգ Հիեպը:

Կոռուպցիոն սկանդալը կապված է տեղական արտադրության COVID-19 թեստավորման հավաքածուների հետ, որոնք ավելացված գներով վաճառվել են հիվանդանոցներին եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններին: Հետաքննության արդյունքում արդեն երկու փոխվարչապետ եւ երկու նախարար հրաժարական են տվել։

Պարբերականը նաեւ նշում է, որ Ֆուկի հրաժարականից հետո Վիետնամի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ է դարձել Վիետնամի հասարակական անվտանգության 65-ամյա նախարար Տո Լամը: