Մեծ Բրիտանիայի իշխանություններն Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիին ավելի քան 2 միլիոն եվրո են վճարել Լոնդոնի օգտին լրտեսելու համար, հայտնել է Իրանի հետախուզության նախարարությունը, հաղորդում է Tasnim-ը։ Գործակալության տվյալներով՝ նախկին պաշտոնյան, որը մահապատժի է ենթարկվել հունվարի կեսին, բրիտանական կողմից նաեւ անշարժ գույք է ստացել ԵՄ մի քանի երկրներում։

«Երբ բրիտանացիները Աքբարիին երկու փուլով լրտես են դարձրել, նրանք ծրագրել են նրա փախուստը Իրանից, վճարել են ավելի քան երկու միլիոն եվրո, արիստոկրատական տներ են տրամադրել Վիեննայում, Լոնդոնում եւ Իսպանիայի հարավում»,- ասել են Իրանի հետախուզության նախարարությունում:

Ինչպես նշել են գերատեսչությունում, բացի փողից եւ անշարժ գույքից, Աքբարին Մեծ Բրիտանիայից կացության թույլտվություն է ստացել, իսկ հետո՝ բրիտանական անձնագիր։ Միաժամանակ Իրանի հետախուզության նախարարությունն ընդգծել է, որ նախկին պաշտոնյան Լոնդոնին տեղեկատվություն է տվել, մասնավորապես, թե Թեհրանն ինչպես է պայքարում Արեւմուտքի սահմանափակող միջոցների դեմ։