Սովորական սրճեփում եփած աղացած սուրճը ամենավտանգավորն է մոլորակի համար։ Շրջակա միջավայրի վրա հայտնի ըմպելիքի տնական մեթոդներով պատրաստման ազդեցությունը բացահայտել են Քվեբեկի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ, հայտնում է The Conversation-ը։
Մասնագետներն ուսումնասիրել են մի գավաթ սուրճի ողջ կյանքի ցիկլը, որը պատրաստվում է մի քանի տարբեր եղանակներով՝ սրճեփի, պարկուճային սարքի, ֆրենչ-պրեսի կամ լուծման միջոցով: Հետազոտությունը հաշվի է առել ջերմոցային գազերի արտանետումները բոլոր փուլերում՝ պլանտացիաներում սուրճի հատիկներ աճեցնելուց մինչեւ ըմպելիքը խմելուց հետո սպասք լվանալը:
Ի հեճուկս հետազոտողների ակնկալիքների, մոլորակի համար ամենավնասակարը սրճեփի սուրճն է՝ 280 միլիլիտր ըմպելիք այս կերպ պատրաստելու համար անհրաժեշտ է 25 գրամ սուրճ, ինչը զգալիորեն ավելի է, քան մյուս մեթոդների համար։ Այսպես, ֆրենչ-պրես պատրաստելիս հարկավոր է լցնել 17 գրամ սուրճ, պարկուճով՝ 14 գրամ եւ լուծվող՝ 12 գրամ: Բացի այդ, սրճեփն ավելի շատ էլեկտրաէներգիա է օգտագործում ջուրը տաքացնելու եւ ըմպելիքը տաք պահելու համար։
Էկոլոգիապես ամենամաքուր միջոցը, ըստ մասնագետների, լուծվող սուրճն է, դա պայմանավորված է թեյնիկի ավելի մեծ էներգաարդյունավետությամբ, մեկ բաժակի համար անհրաժեշտ ավելի փոքր քանակի սուրճով եւ օրգանական թափոնների բացակայությամբ: Սակայն եթե հաշվի առնենք, որ մարդկանց մեծամասնությունն ավելի շատ ջուր է տաքացնում եւ ավելի շատ սուրճ լցնում, քան անհրաժեշտ է մեկ անգամվա համար, ապա հետազոտության արդյունքները տարբեր կլինեն, նշել են գիտնականները։ Այս դեպքում շրջակա միջավայրի համար առավել քիչ վնասակարը պարկուճային սրճեփները կլինեն՝ դրանցում մեկ բաժակի համար սուրճի եւ հեղուկի քանակը օպտիմալ է հաշվարկվում։



























