Առաջին անգամ «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի անիմատորները կհավաքվեն մեկ վայրում։ Փառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերի 15, 16 եւ 18-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա Եվրասիա համագործակցության հիմնադրամի արհեստավարժության փակ դասընթացը, որը կվարի փորձագետ Մաքս Հաուարդը։ Նա այսօր՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ անիմացիան լեզու չի ճանաչում եւ միավորում է բոլորին:«Ազգությունն այստեղ այդքան էլ կարեւոր չէ։ Երբ խոսքն անիմացիայի մասին է, նրանք ընդհանուր բան ունեն՝ սեր անիմացիայի հանդեպ»,-ասաց Մ. Հաուարդը։

Նրա անցկացրած երեք օրվա դասընթացների շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի անիմատորները կներկայացնեն իրենց աշխատանքները միմյանց, կկիսվեն իրենց փորձով՝ հետագա համագործակցության նպատակով։Կինոփառատոնի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունիի խոսքով՝ արդեն երրորդ տարին է անցկացվում փառատոնը եւ այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի համագործակցության եզրեր գտնել ոչ միայն Եվրոպական երկրների, կամ Չինաստանի եւ Ճապոնիայի հետ, այլեւ հենց մեր հարեւան երկրների հետ։

«Հնարավոր է, որ այս ամենի արդյունքում արդեն հաջորդ տարի հայ եւ թուրք անիմատորները համագործակցեն եւ ստեղծեն համատեղ հետաքրքիր անիմացիոն ֆիլմեր»,- ասաց Վ. Քասունին։ Նշենք, որ «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնը անցկացվում է Հայաստանում արդեն երրորդ անգամ, փառատոնի բացումը կմեկնարկի այսօր երեկոյան ժամը 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 19-ը։