Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը չի բացառում Ուկրաինայի քաղաքացիների տարհանման հնարավորությունը, «եթե նրանց վտանգ սպառնա Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիացիոն հաղորդակցության վերականգնումից եւ ռուսաստանցիների զանգվածային հոսքից հետո»։ Այս մասին «Եվրոպեյսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
«Ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման եւ անվտանգության իրական ռիսկերի աճի դեպքում ես ուզում եմ ասել, որ այսօրվա դրությամբ դեսպանատունը չի բացառում միջազգային կազմակերպություններին, մեր միջազգային գործընկերներին դիմելու հնարավորությունը, որպեսզի քննարկի Վրաստանի տարածքից Ուկրաինայի քաղաքացիների զանգվածային տարհանմանն օգնություն ցուցաբերելու հնարավորությունը»,-ասել է Կասյանովը: Նրա խոսքով՝ Վրաստանում անվտանգ մնալու սպառնալիքի զգալի աճի ֆոնին՝ կապված «ռուսաստանցիների անոմալ հոսքի» հետ, դեսպանությունն ամեն կերպ նպաստում է Ուկրաինայի քաղաքացիների վերադարձին Ուկրաինա։ «Այժմ մենք քննարկում ենք հատուկ տարհանման երթուղիների կազմակերպման հնարավորությունը հենց Ուկրաինայի բնակչության առավել խոցելի խավերի համար, որոնք իսկապես միջոցներ չունեն վերադառնալու համար։ Ընդ որում, մենք ցամաքային տրանսպորտը դիտարկում ենք որպես ամենաօպտիմալը»,-հավելել է Կասյանովը։
Թբիլիսիում վրդովմունք են հայտնել դիվանագետի հայտարարության կապակցությամբ։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն նրա մեկնաբանությունն անվանել է «ամոթալի սպեկուլյատիվ հայտարարություն»։
«Կասյանովին հարկավոր կլիներ ուկրաինացիների տարհանումը Վրաստանից, հավանաբար, այն դեպքում, եթե մենք «Բուկ» ուղարկեինք Ուկրաինա։ Դա կլիներ Վրաստանի ուղղակի ներգրավումը ռազմական հակամարտության մեջ։ Հենց Կասյանովն էր մեզ կոչ անում միանալ պատերազմին, եւ այդ դեպքում մեզ հարկավոր կլիներ Վրաստանից տարհանել ոչ միայն ուկրաինացիներին, այլեւ վրացիներին։ Մենք լսել ենք Կասյանովի հայտարարությունները երկրորդ ճակատի վերաբերյալ, եւ դա նման հռետորաբանության շարունակությունն է»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ թռիչքների վերսկսումը ոչ մի կապ չունի դեպի Վրաստան ռուսաստանցիների հոսքի հետ։ «Մեր երկրի անվտանգության համար ոչ մի վտանգ չկա, այդ թվում՝ Վրաստանում բնակվող ուկրաինացիների անվտանգության համար։ Այս ամենը դատարկ եւ ամոթալի սպեկուլյացիա է։ Թռիչքները միակողմանիորեն դադարեցվել են Ռուսաստանի կողմից, դա Ռուսաստանի կողմից կիրառված պատժամիջոցն էր, եւ եթե այդ պատժամիջոցը չեղյալ հայտարարվի Ռուսաստանի Դաշնության կողմից, ապա դա նրա որոշումն է, եւ մենք չենք կարող դրա վերաբերյալ որեւէ որոշում կայացնել: Միակ բանը, որ կարող եմ եւս մեկ անգամ ասել, այն է, որ նման որոշումը թեթեւացում կլինի Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մինչեւ մեկ միլիոն վրացիների համար»,-ասել է Կոբախիձեն։




























