Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ նրա որդին` Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն, այստեղ-այնտեղ չեն նստել եւ ասել, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով ասֆալտապատված Չարենցավան քաղաքի գերեզմանոց տանող ավտոճանապարհը վերանորոգել է քաղաքապետարանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը` Կովալենկո Շահգալդյանը:
«Ես այդպիսի խնդիր չունեմ, որ այստեղ-այնտեղ նստեմ այդ հարցը քննարկեմ: Իմաստը ո՞րն է, ակնհայտ ճշմարտությունը խեղաթյուրել, խաբել կամ ուրիշ բան ներկայացնել, այդպիսի խնդիր իմ առջեւ չկա դրված, ընդհակառակը` մենք Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ, ջերմ, ընկերական, բարեկամական հարաբերությունների մեջ ենք»,- ասաց Կոտայքի մարզպետը: Նրա խոսքով` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի գերեզմանոց տանող ավտոճանապարհը ասֆալտապատվել է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով եւ »որեւէ մեկը ուրիշ արտահայտություն չի արել, կամ դա ուրիշ կազմակերպության կամ մարդու չի վերագրել»:
Հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետարանի միջոցներով չի բարեկարգվել ճանապարհը, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց, որ նախ քաղաքապետարանը այդպիսի միջոցներ չուներ եւ հետո «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ցանկացել է բարեկագրել: Ի՞նչ վատ է, որ»:
Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 10 մլն դրամով վերանորոգել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի գերեզմանոց տանող ավտոճանապարհը, սակայն Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն եւ նրա քաղաքապետ որդին ամեն տեղ նստելիս ասում են, որ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն է քաղաքապետարանի միջոցներով վերանորոգել փողոցը: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հաստատել է, որ իսկապես Ծառուկյանի գումարներով է նորոգվել փողոցը:




























