Երեւանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-րդ տարեդարձին ընդառաջ, այգում խոշոր կատվազգիների համար նոր ազատավանդակ կկառուցվի:
Երեւանի կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնում են, որ այս հավակնոտ ծրագիրն իրականացնելու եւ կենդանիների համար իրենց հատուկ բնական միջավայր ապահովելու համար անհրաժեշտ գումարի մի մասը տրամադրել է Երեւանի քաղաքապետարանը: Պակասող գումարը լրացնելու նպատակով` Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC, www.fpwc.org), Երեւանի քաղաքապետարանն ու Երեւանի կենդանաբանական այգին, այսօր` սեպտեմբերի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպում են դրամահավաք-ընթրիք: Խոշոր կատվազգիների նոր ազատավանդակի շինարարական աշխատանքների աջակցմանն ուղղված այս ընթրիքին իրենց մասնակցությունն արդեն իսկ հաստատել են տեղական եւ միջազգային տարբեր կառույցների պաշտոնական ներկայացուցիչներ, մի շարք կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ-ում տարբեր երկրների դեսպաններ:
Ընթրիքը հրաշալի առիթ կարող է լինել նաեւ լրագրողների համար` ծրագրի եւ իրականացմանն ուղված ընթացիկ աշխատանքների մասին տեղեկանալու եւ այդ գործին իրենց անմիջական աջակցությունը ցուցաբերած կառույցների եւ անհատների հետ այդ մասին զրուցելու համար:
Ընթրիքը տեղ կունենա այսօր` սեպտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:




























