Հայաստանը շուտով կունենա բոլորովին նոր սահմանային անցակետեր` ժամանակակից շենքային պայմաններով եւ սպասարկման բարձր մակարդակով: ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս կապակցությամբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ասել է. «Ծրագրի առաջին փուլում ընտրել ենք Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանակետերը. նախատեսում ենք ոչ թե պարզապես վերանորոգել, այլ կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող բոլորորովին նոր մաքսակետեր, դրանք հագեցնել նորագույն տեխնիկական միջոցներով եւ ներդնել սահմանահատման ժամանակակից ընթացակարգեր: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»:
Նրա խոսքով, անցակատերը հագեցած կլինեն նորագույն տեխնիկական միջոցներով եւ կներդրվեն սահմանահատման ժամանակակից ընթացակարգեր: Անցակետերի կառուցման համար շինարարական աշխատանքների իրականացման մրցույթը կհայտարարվի աշնանը, շինարարական աշխատանքները հնարավոր կլինի սկսել նոյեմբերից, իսկ գործընթացն ամբողջությամբ կիրականացվի 2012 թվականի ընթացքում:
Ըստ այդմ, Բագրատաշենի սահմանային կետի տարածքը կկազմի 10 հեկտար` 3 անգամ գերազանցելով ներկա տարածքի մակերեսը: Բացի այդ, Բագրատաշենում` Դեբեդ գետի վրա կկառուցվի նոր կամուրջ, որը կունենա երթեւեկելի երկու առանձին հատված` յուրաքանյուրը 10-ական մետր լայնությամբ: Կամրջի վրա կլինեն նաեւ հետիոտնի համար նախատեսված անցումներ: «Թե′ Բագրատաշենի եւ թե′ Բավրայի անցակետերում կկառուցվի մուտքի եւ ելքի համար նախատեսված 4-ական ուղի, այսինքն յուրաքանչյուր ուղղությամբ` երկուսը բեռնատար եւ երկուսը` մարդատար ավտոմեքենաների համար: Միայն Գոգավանի անցակետում, ելնելով տարածքային առանձնահատկությունից, յուրաքանչյուր կողմի համար կգործի երկուական ուղի: Այս ամենի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել հերթերից եւ կուտակումներից, սպասարկումն էլ շատ արագ կիրականացվի. օրական 600 ավտոմեքենայի եւ 2000 ուղեւորի սպասարկելու հնարավորություն կստեղծվի, այսինքն` 4-5 անգամ ավելի ներկա ծավալներից: Ավտոմեքենաների համար նախատեսված հատուկ կանգառներ եւ տերմինալներ կկառուցվեն բոլոր երեք անցակետերում էլ: Բագրատաշենի եւ Բավրայի անցակետերում նախատեսվում է կառուցել նաեւ հատուկ հրապարակներ` ուղղաթիռների կայանման համար: Յուրաքանչյուր տարածքում անհրաժեշտ կացարաններ կհատկացվեն 6 վարժեցված շների համար: Գոգավանի անցակետում անհրաժեշտ հողատարածքները սեփականատերերից կօտարվեն փոխհատուցման դիմաց:
Բավրայում եւս, 2-ի փոխարեն, 7,7 հեկտար տարածքի վրա կառուցվելու է բավականին մեծ շինություն, իսկ մաքսային հսկողության գոտին մոտ 800 մետրով մոտեցվելու է վրացական կողմի անցակետին»,- ասել է Խաչատրյանը:



























