Այսօր` սեպտեմբերի 16-ին, ողջ աշխարհում նշվում է Երկրագնդի օզոնային շերտի պահպանության օրը: Այդ առթիվ ՀՀ բնապահպանության նախարարությունը ճանաչողական շրջայց կազմակերպեց Ջերմուկ քաղաքում: Նախարար Արամ Հարությունյանը հանդիպեց թիվ մեկ դպրոցի բարձր դասարանցիների հետ` առաջարկելով նրանց դպրոց հաճախել հեծանիվներով` որպես շրջակա միջավայրը չաղտոտող միջոց: Նախարարն ու Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը անձամբ օրինակ ծառայեցին աշակերտներին` քաղաքի ծայրամասից դպրոց հասնելով հեծանիվով:
Օզոնի քայքայումը հիմնականում տեղի է ունենում մի քանի արհեստական նյութերի մթնոլորտ արտազատման հետեւանքով: Այդպիսի նյութեր են` ֆրեոնները (օգտագործվում են սառնարաններում, օդորակիչներում), հալոնները (օգտագործվում են կրակմարիչներում), բրոմիդները (օգտագործվում են գյուղատնեսության մեջ):Օզոնի շերտի քայքայման խնդիրը ի հայտ է եկել 1980-ական թվականներին, երբ Անտարկտիդայի վրա հայտնաբերվեց «օզոնային խոռոչ»: 1985 թ. Վիեննայում ընդունվեց «Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիան, որն այնուհետ լրացվեց Մոնրեալի 1987 թ. արձանագրությամբ:Հայաստանն այդ միջազգային փաստաթղթերը վավերացրել է 1999 թ., որով ստանձնել է որոշակի պարտավորություններ: Մասնավորապես` 2010 թ. հունվարի 1-ից Հայաստանն արգելել է ֆրեոնների արտադրությունը, ներմուծումը եւ արտահանումը:
Նշենք, որ օզոնը կարեւոր դեր է խաղում երկրագնդի մթնոլորտային շերտի պահպանության համար` արգելափակելով արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումը, ինչը կարող է տարբեր հիվանդությունների ու կլիմայի փոփոխության պատճառ դառնալ:




























