Փաստաբան Երվանդ Վարոսյանը ոչ պրոֆեսիոնալ է գնահատում ոստիկանների գործողությունները, երբ նրանք երեկ երեկոյան փորձում էին Հանրապետության հրապարակում մայթերով երթեւեկող եւ ոստիկանների՝ «կանգ առ» ազդանշանը չկատարող «Համեռ»–ի վարորդին վնասազերծել։

«Ոստիկանները պետք է հնարավորինս արագ ու անվտանգ կերպով վնասազերծեին վարորդին։ Ավտոմեքենան պետք էր կանգնեցվեր, պետք էր փակել մեքենայի շարժման բոլոր ուղղությունները, որի դեպքում ոստիկանները հնարավորություն կունենային բերման ենթարկել վարորդին, ինչը, սակայն, մենք չտեսանք։ Փոխարենը մենք տեւական ժամանակ անիմաստ շարժ էինք տեսնում ոստիկանների կողմից, ընդ որում՝ վտանգավոր զենքի գործադրմամբ։ Ոստիկանները զենքն օգտագործում էին անիվների ուղղությամբ, բայց եթե ոստիկանությունը համապատասխան հատուկ միջոցներով հագեցած լիներ, ապա անիվները վնասելն ավելի անվտանգ կլիներ, քան կրակելն էր։ Կրակելը վտանգավոր էր ոչ միայն տարածքում գտնվող քաղաքացիների, այլեւ ոստիկանների համար։ Պետք է լինեին միջոցներ, որով իրենք կարող էին վնասազերծել վարորդին։ Տարօրինակ էր տեսնել այդ քանակի ոստիկանական մեքենաներ, որոնք այդպես էլ չկարողացան ինչպես հարկն է՝ շրջափակել «Համեռը։ Ոստիկանները չգիտեին ինչ ու ինչպես անել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Իշխանությունները հաճախ են իրենց գովում՝ շեշտելով, որ ոստիկանությունը բարեփոխել են, որի մի մասն էլ պարեկային ծառայության ներդրումն է։ Փաստաբանի խոսքով, սակայն, Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք բոլոր բարեփոխումները զրո արդյունք են տալիս։

«Նիկոլ Փաշինիյանի բարեփոխումները անկախ ոլորտից ունեն մի արդյունք՝ ոչինչ, բացի լուսանկարներից ու գովազդից, նրանք ուրիշ ոչ մի բան չեն անում։ Երեկվա պատկերը, որին ականատես եղանք, տիրում է նաեւ մյուս ոլորտներում»,– ասաց Երվանդ Վարոսյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծիք էր հայտնել, որ հենց վարորդը բարձրացել է մայթ, պետք էր նրան դիմահար կրակով ոչնչացնել, ընդ որում՝ կարեւոր չէր վարորդի վիրավորվելը կամ էլ զոհվելը։

Փաստաբան Երվան Վարոսյանը, սակայն, շեշտում է՝ ոստիկանությունը դիմահար կրակով վնասազերծելու իրավունք ունի միայն այն դեպքում, երբ ոստիկանների կամ այլ քաղաքացիների կյանքին վտանգ է սպառնում, իսկ այդ դեպքում, ըստ Վարոսյանի՝ վտանգ չէր սպառնում։

«Ակնհայտ երեւում էր, որ ոչ ադեկվատ իրավիճակում գտնվող մարդն ուղղակի փորձում է խուսափել ոստիկաններից, ընդ որում՝ ակնհայտ էին այն իրավիճակները, երբ վարորդը խուսափում էր վնաս տալուց, իսկ Արսեն Թորոսյանն ասում է, որ հենց մայթի վրա բարձրացավ, պետք է դիմահար կրակով ոչնչացնեին, ինչի՞ Արսեն Թորոսյանը կյանքում մայթ չի բարձրացե՞լ։ Այդ արյան տենչը Արսեն Թորոսյանի կամ իշխանական այլ պատգամավորների ու իրենց հոգեբանների խնդիրն է։

Ինչ–որ մեկի կյանքին այդ վարորդը վտանգ չէր սպառնում, իսկ պարեկը վրաերթի ենթարկվեց իր ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետեւանքով»,– ընդգծեց փաստաբանը եւ հավելեց, որ  «Համեռին» չշրջափակելը կարող էր կապված լինել տեխնիկական միջոցների պակասի հետ, բայց նրա խոսքով՝ այդ օպերացիային մասնակցում էր այնքան մեքենա, որոնք ցանկության եւ ունակության դեպքում ոչ միայն «Համեռը», այլեւ մի քանի այլ մեքենա կարող էին շրջափակել։

Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմանում, Երեւանի կենտրոնում «Համեռ» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների եւ քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ավելի վաղ վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետեւ սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարակում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել է: Ենթադրաբար «Համեռի» վարորդը եղել է թմրանյութի ազդեցության տակ։

Նշենք, որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին եւ ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։ Պարեկներին եւ ոստիկաններին օգտատերերը քննադատում են ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։

«Համեռ»– ի վարորդը ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ. Քննչական կոմիտեն մանրամասնում է

«Համերի» վարորդը դիտավորյալ հարվածել եւ վնասել է պարեկային 3 եւ քաղաքացիների 8 մեքենաներ. Ոստիկանությունը մանրամասնում է

«Համեր»-ի 25-ամյա վարորդի հայրը տարիներ առաջ պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը.մանրամասներ (ֆոտո)