Եղվարդում մինչեւ 2011 թ. վերջ կավարտվի համակցված կերի նոր գործարանի շինարարությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց գործարանի ներդրողի` «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը: Չնշելով ներդրումների ընդհանուր ծավալը, նա հայտնել է, որ արտադրության նախագծային հզորությունը կկազմի օրական 500 տոննա: Գործարանն արդեն սկսել է արտադրանք տալ: «Թե ինչպիսին կլինեն իրական ծավալները, կախված է շուկայի պահանջարկից»,- ասաց Գ. Նիկողոսյանը:

Նշենք, «Մանանա Գրեյնը» հանդիսանում է Հայաստանում խոշորագույն հացահատիկ ներկրողներից մեկը (այդ թվում` անասնակերի) եւ ծավալներով երկրորդ ալյուր արտադրողը (ըստ 2010 թ. հունիսի տվյալների, զբաղեցրել է շուկայի 34,4 տոկոսը): Համակցված կերի արտադրությունը տեղակայված է «Արքայահատիկ» ՍՊԸ-ի տարածքում, որը մտնում է «Մաքս Գրուպ» հոլդինգի կազմի մեջ:

Նոր արտադրությունն էապես ավելացրել է կոմբիկերի մասնագիտացված արտադրությունը երկրում: 2010 թ., ըստ Ազգային վիճվարչության տվյալների, Հայաստանում գործել է պատրաստի անասնակերի 1 արտադրություն, որն ապահովել է 70,7 մլն դրամի արտադրանք: 2011 թ. առաջին վեց ամսվա ընթացքում այդ ծավալը հասել է 244,3 մլն դրամի:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը կարծում է, որ համակցված կերի նոր գործարանի նախագիծը միանգամայն ողջունելի է. շատ բան կախված է գնային առաջարկներից: «Նախկինում «Մանանա Գրեյնը» ներկրում էր ֆուրաժային հացահատիկ, որը թռչնաֆաբրիկաները գնում եւ համակցված կեր էին արտադրում արդեն ինքնուրույն: Եթե նոր կերի գինը ավելի ցածր լինի, քան թռչնաֆաբրիկաների ծախսերը, ապա կարծում եմ, ֆաբրիկաները կգերադասեն արտադրությունից դուրս հանել այնպիսի մի աշխատատար եւ էներգատար օղակ, ինչպիսին կերախոհանոցն է»,- համարում է Ս. Ստեփանյանը:

Նրա գնահատմամբ, կերի ձեռքբերման եւ պատրաստան ծախսերի (ներառյալ ֆուրաժի ձեռքբերման եւ տեղերում համակցված կերի պատրաստուման) տեսակարար կշիռն արտադրության ինքնարժեքի մեջ վերջին տարիներին աճել է` 60-65 տոկոսից մինչեւ 75-80 տոկոս: Նույնիսկ հաշվի առնելով ռուսաստանյան առատ բերքը եւ հացահատիկի գների նվազեցումը, երկարաժամկետ միտումը վկայում է հացահատիկի գնի աճի մասին: 

Դրա հետ մեկտեղ, կերի որակը` ի հաշիվ նոր ձեռնարկության նեղ մասնագիտացվածության եւ նոր արտադրական գծերի, պետք է ավելի ձեռնտու լինի թռչնաբույծների համար, քանի որ սեփական ուժերով ամեն մեկին իր համար դժվար է կերի արտադրության եւ երկարաժամկետ պահեստավորման նման պայմաններ ստեղծել: «Գործարանը ստեղծվում է դեռ խորհրդային տարիներին կառուցված Եղվարդի էլեվատորի բազայի վրա, ինչը պահեստավորման եւ պահպանման ավելի հարմար պայմաններ կստեղծի: Շուկայում գործող թռչնաֆաբրիկաներին ձեռնտու չէ ներդնել այնպիսի ենթակառուցվածքի մեջ, ինչպիսին են պահեստները, սիլոսային հորերը, օդի ջերմաստիճանի եւ խոնավության կարգավորման համակարգերը: Արդյունքում գնված ֆուրաժային հացահատիկի որոշ մասը կորում է: Նոր արտադրությունն ըստ էության այդպիսի խնդիրներ չպիտի ունենա», – կարծում է Ս. Ստեփանյանը:

Ընդհանուր առմամբ, համարում է նա, էլեվատորները կարող են կայուն հիմք ծառայել համակցված կերի արտադրության ընդլայնման համար: Ժամանակին Հայաստանի ՍՍՀ տարածքում կառուցվել է մոտ 10 էլեվատոր (այսօրվա մարզերին բաժին է ընկնում մոտավորապես մի-մի կառույց): 90-ական թթ. ագրոարդյունաբերական համալիրի կազմալուծումից հետո դրանց մեծ մասը չի գործում: Այստեղ կարգավորիչ դեր կարող է ստանձնել պետությունը, ներդնելով գույքահարկի աճող դրույքաչափ` ըստ պարապուրդի տեւողության:

Համակցված կերի գործարանների հետ համագործակցության ձեւը կարող է իրավիճակային գնումներից անցնել տարեկան պայմանագրայինի: Ունենալով պահեստավորման հզորություններ, գործարանը ողջ տարի կապահովի թռչնաբույծներին անհրաժեշտ ծավալներ: Վերջիններս կազատվեին երկընտրանքից` կամ հացահատիկի մի քանի ամսվա պաշար կուտակել` առանց պահեստավորման բավարար հնարավորությունների, կամ բերքի սեզոնից դուրս կեր ճարել` համաձայնելով ցանկացած առաջարկի:

Կերի գործարաններ էլէվատորների հենքի վրա կարող են ստեղծվել նար որպես պետական-մասնավոր համագործակցություն` թռչնաֆաբրիկաների (ինչպես նաեւ տոհմային տնտեսությունների) եւ պետության մասնակցությամբ: Թռչնաֆաբրիկաները շահագրգռված կլինեն մասնակցել մատակարար ձեռնարկության կառավարմանը, իսկ պետությունը կկարողանա հանձն առնել հատիկաֆուրաժի գնումներն արտասահմանում` ցածր մարժայով այն ներկրելով Հայաստան: Հումքի էժանացումը կհանգեցնի նաեւ արտադրության ինքնարժեքի նվազեցման: Խոսքը վերաբերում է ինչպես ձվին, այնպես էլ հավի մսին: Վերջինիս մրցունակությունն էլ ներկրվող թռչնամսի նկատմամբ այդ դեպքում կբարձրանա:

Ընդհանրապես, ներքին սննդարդյունաբերության համար նոր կերի ֆաբրիկաների ստեղծումն անհրաժեշտություն է: Ս. Ստեփանյանի գնահատականով, Հայաստանում միայն թռչնաֆաբրիկաների (չհաշված տոհմային տնտեսություններն ու անհատ ֆերմերներին) համակցված կերի տարեկան շուկայի ծավալը կազմում է նվազագույնը 100-120 հազ տոննա:

Արամ Գարեգինյան