Դեկտեմբերին որոշակի դանդաղումից հետո Գերմանիայում ընթացիկ տարվա սկզբին կրկին արագացել են ինֆլյացիայի տեմպերը, գրում է DW-ը։
Հունվարի արդյունքներով սպառողական գները 2022 թվականի նույն ամսվա համեմատ աճել են 8,7 տոկոսով։ Այս մասին հայտնել է Վիսբադենում Գերմանիայի վիճակագրական դաշնային գերատեսչությունը՝ հաստատելով ամսվա սկզբին արված առաջին գնահատականները:
Դեկտեմբերին, ըստ ճշտված տվյալների, ինֆլյացիայի տարեկան մակարդակը կազմել է 8,1 տոկոս, նոյեմբերին՝ 8,8 տոկոս։
«Մենք տեսնում ենք շատ ապրանքների, ինչպես նաեւ ծառայությունների գների աճ։ Հունվարին մասնավոր տնային տնտեսությունների համար հատկապես նկատելի էր էներգակիրների եւ սննդամթերքի գների աճ»,-նշել է դաշնային վիճակագրական գերատեսչության ղեկավար Ռութ Բրանդը։ Բնակչության համար էներգակիրների գները հունվարին 2022 թվականի առաջին ամսվա համեմատ աճել են 36,5 տոկոսով, մասնավորապես, բնական գազի գները՝ 51,7 տոկոսով, մազութի գները՝ 30,6 տոկոսով, էլեկտրաէներգիայի գները՝ 25,7 տոկոսով։ Սննդամթերքի ոլորտում տարեկան ինֆլյացիան կազմել է 20,2 տոկոս։ Ամսական կտրվածքով սպառողական գները հունվարին աճել են 1 տոկոսով։
Արդեն մի քանի ամիս է՝ Գերմանիայում նկատվում է գնաճի զգալի աճ՝ կապված էներգակիրների եւ պարենային ապրանքների գների կտրուկ աճի հետ։




























