Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) իր այսօրվա` սեպտեմբերի 19-ի նիստում որոշել է լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք` 20 մլն դրամի չափով:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովը դեմպինգի, խտրական գների կիրառման եւ անհիմն գնաճի փաստեր է բացահայտել:Հանձնաժողովի ուսումնասիրություններով, բացահայտվել է, որ, վերոնշյալ ընկերությունը տեւական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով,իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը:
Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ մի որոշ ժամանակահատված էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակցներին, այսինքն, ընկերությունը իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար: Հանձնաժողովի փորձագետներն այս ընկերության վարքագծի հետ կապված բավականին ուշագրավ բացահայտումներ են կատարել: Մասնավորապես, համաձայն ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով, ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը եւ վարել է հակառակ քաղաքականությունը. Նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի անգամ թանկ՝ 3300 դրամով:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը տեւական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներով եւ գերշահույթներ կորզել սպառողներից: Ի դեպ, ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաեւ, որ ապրանքի ձեռքբերման եւ վաճառքի գները ակնհայտորեն չեն համապատասխանում իրական շուկայական գներին, ինչի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե:
Տեղեկացնենք, որ «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր ներկրող է հանդիսանում նաեւ հետեւյալ ապրանքային շուկաներում՝ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» եւ «Բրինձ»:




























