Բրյուսելում, բելգիական Լիեժի քաղաքապետ Վիլի Դըմեյերը խնդրել է Հայաստանի աջակցությունը` «Միջազգային Էքսպո-2017»-ը Լիեժում անցկացնելու հարցում: Նա այդ մասին, այսօր` սեպտեմբերի 19-ին, նշել է, Բրյուսելում, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Վ. Դըմեյերի՝ վերջին տարիներին Լիեժի զարգացման տեմպերը, տնտեսական աճը, եվրոպական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ Բելգիայում մեծաթիվ դիվանագիտական առաքելությունների առկայությունը դարձել են այն հիմնական խթանիչ գործոնները, որ թույլ են տվել քաղաքային իշխանություններին հայտ ներկայացնել «էքսպոն» Լիեժում անցկացնելու համար: Հերթական էքսպոյի անցկացման վայրը որոշվելու է «Bureu International des expositions» կազմակերպության 157 անդամ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի քվեարկությամբ:
Ըստ Լիեժի քաղաքապետի՝ իրենք սկսել են էքսպոյի անցկացման շուրջ իրականացնել քարոզարշավ եւ ուրախ են, որ առաջինն իրենց ծրագրերին ծանոթացնելու հնարավորություն են ստացել Հայաստանի վարչապետին: Լիեժում 2017 թ. էքսպոն անցկացնելու գաղափարն առավել հանգամանալից ներկայացնելու նպատակով վարչապետը Վ. Դըմեյերին հրավիրել է Հայաստան:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը հանդիպել է հայ-բելգիական առեւտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 7-9-ը Երեւանում կայանալիք «Բելգիական շաբաթը Հայաստանում» խորագրով հայ-բելգիական գործարար համաժողովին վերաբերող հարցեր: Համաժողովի շրջանակում Երեւան կժամանեն բելգիական գործարար հատվածի մոտ 50 ներկայացուցիչներ, ովքեր բացի համաժողովին մասնակցելուց՝ հանդիպումներ կունենան նաեւ հայաստանյան իրենց գործընկերների հետ՝ կքննարկեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Գործարար համաժողովին կմասնակցեն երեք տարբեր պատվիրակություններ՝ Բելգիայի ֆլամանական եւ վալոնական մասի գործարարներ, ինչպես նաեւ «Agoria business club»-ի ներկայացուցիչներ:
Վալերի Սաֆարյանը վարչապետին տեղեկացրել է, որ Բելգիայի ֆլամանական մասը հիմնականում մասնագիտացած է շինարարության, ճանապարհաշինության, ադամանդագործության եւ աղբահանության ոլորտներում, իսկ վալոնական մասը՝ սննդի արդյունաբերության, էներգետիկայի, քիմիական եւ դեղագործական արդյունաբերության, ինչպես նաեւ կաշվի վերամշակման ու արտադրության ոլորտներում:
Ըստ հայ-բելգիական առեւտրային պալատի նախագահի՝ բելգիացի գործարարների մոտ առկա է մեծ հետաքրքրություն հայկական շուկայի նկատմամբ. Հայաստանը վերջիններիս համար բիզնես ոլորտում դիտարկվում է որպես տարածաշրջանային կենտրոն: Ի տարբերություն Բելգիայի ֆլամանական մասի, վալոնական մասի գործարար համայնքի ներկայացուցիչները ծանոթ են Հայաստանին՝ Վալոնիայի արտաքին առեւտրի եւ ներդրումների գործակալության՝ Հայկական զարգացման գործակալության հետ համատեղ իրականացված «ARMENWAL» ծրագրից: Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Բրյուսել կատարած աշխատանքային այցը վարչապետը կեզրափակի «European press club»-ում հայկական եւ եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:




























