Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե չի պատկերացնում, որ ամերիկացի փորձագետները ստուգումներ իրականացնեն ռուսական միջուկային օբյեկտներում։ Նրա կարծիքով՝ դա անհնար է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունում Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության պատճառով, գրում է «Коммерсант»-ը։
«Ամեն ինչից բացի, երբ նրանք անում են այն, ինչ անում են այսօր Ուկրաինայում, ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ ամերիկացի զինծառայողները թափառեն մեր միջուկային օբյեկտներում: Դա ուղղակի ծիծաղելի է»,- ասել է ՌԴ նախագահը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման վարող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հաշվի առնի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների միջուկային ներուժը։ Սրա պատճառով Ռուսաստանը ստիպված է վերադառնալ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջուկային ներուժի հարցի քննարկմանը։ «ՆԱՏՕ-ն իրեն հայտարարել է գրեթե ապառազմականացված կազմակերպություն, խոսում էին այն մասին, որ դա ավելի շուտ քաղաքական կազմակերպություն է, ոչ թե ռազմական դաշինք։ Բայց որտեղ նա ռազմական չէ։ Չէ որ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Ուստի մենք պարզապես ստիպված ենք դաշտի կենտրոնից վերադառնալ այս թեմայի քննարկմանը»,- պարզաբանել է Վլադիմիր Պուտինը։
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագին (ՌՀՍՊ) Ռուսաստանի մասնակցության կասեցումը նախագահը կապել է երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտության հետ։ «Մենք պետք է պահպանենք մեր երկիրը, ապահովենք անվտանգությունն ու ռազմավարական կայունությունը»,- ասել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձի հրապարակման ժամանակ հայտարարել է պայմանագրին մասնակցությունը դադարեցնելու մասին։ Փետրվարի 22-ին նրա որոշումը հավանության են արժանացրել Պետդուման եւ Դաշնության խորհուրդը։ ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է, որ Մոսկվան կշարունակի պահպանել սպառազինության քանակի վերաբերյալ ՌՀՍՊ-ի սահմանափակումները։





























