Ֆինլանդիայում սկսել են ցանկապատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, աշխատանքներ են սկսվել երեք կիլոմետրանոց փորձարկման հատվածում։
«Աշխատանքները սկսվել են երկուշաբթի օրը՝ Իմատրա սահմանային կետի երկու կողմերում ծառերի հեռացմամբ։ Այստեղ կկառուցվի այսպես կոչված փորձնական ցանկապատի երեք կիլոմետրանոց հատվածը։ Իշխանությունները փորձ կանցկացնեն՝ կդիմանա արդյոք ցանկապատը ցրտին կամ մարդկանց զանգվածին, որոնք, հնարավոր է, կժամանեն արեւելքից»,-հայտնել է Yle պորտալը։
Մարտին կսկսվի ճանապարհի կառուցումը եւ ցանկապատի կառուցումը, այնուհետեւ տեխնիկական հսկողության համակարգի ստեղծումը։ Ակնկալվում է, որ փորձնական ցանկապատը պատրաստ կլինի մինչեւ հունիսի վերջ: Իմատրայում փորձարկման հատվածը կարժենա 6 միլիոն եվրո։
Ամբողջ ցանկապատի մեծ մասը կտեղակայվի Ֆինլանդիայի հարավ-արեւելքում, որտեղ լայնածավալ անօրինական ներգաղթի ռիսկն առավել բարձր է։ Բայց հնարավոր է, որ ցանկապատի մի մասը կառուցվի նաեւ ավելի հյուսիսային, ավելի քիչ առաջնահերթ սահմանային անցակետերում։
Սահմանային ցանկապատի ընդհանուր երկարությունը կկազմի 200 կմ կամ ֆինլանդա-ռուսական սահմանի ամբողջ երկարության մոտավորապես 15 տոկոսը, որը կազմում է մոտ 1,3 հազար կմ: Դրա արժեքը կկազմի 380 միլիոն եվրո:





























