Բելառուսի բոլոր շրջաններում տարածքային պաշտպանության կառավարման մարմինների վարժանքներ կանցկացվեն փետրվարի 28-ից մարտի 3-ը, հայտնել է Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։  

«2023 թվականին զինված ուժերի նախապատրաստման պլանի համաձայն՝ փետրվարի 28-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում մարզային եւ Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեներն անցկացնում են ամենամյա պարապմունքներ, որոնք ուղղված են տարածքային պաշտպանության կառավարման մարմինների պատրաստվածության եւ համակարգման մակարդակի բարձրացմանը տարածքային զորքերի ձեւավորման համար։ Չորս օրվա ընթացքում բոլոր վարչական շրջաններում կիրականացվեն տեսական եւ գործնական միջոցառումներ գործադիր կոմիտեների եւ զինկոմիսարիատների, զորահավաքային ռեսուրսների ընդունման կետերի վարչակազմերի պաշտոնատար անձանց հետ, կստուգվեն նյութական միջոցների առկա պաշարների առկայությունն ու պահպանման պայմանները»,- ասվում է հաղորդագրության մեջ: