Ուկրաինան դիմումներ է ուղարկել Թուրքիային եւ ՄԱԿ-ին՝ հացահատիկի արտահանման համաձայնագրի երկարացման շուրջ բանակցություններ սկսելու կոչով, սակայն պատասխան դեռ չի ստացել։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Վասկովը։
Վասկովի խոսքով՝ դիմումներն ուղարկվել են անցյալ շաբաթ։ Ուկրաինան ցանկանում է երկարաձգել գործարքը առնվազն մեկ տարով՝ դրանում ներառելով Նիկոլաեւի նավահանգիստները։
ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ հացահատիկի սեւծովյան նախաձեռնությունը թույլ տվեց 2022 թվականի հուլիսին Ուկրաինային հացահատիկ արտահանել ուկրաինական 3 նավահանգիստներից։ Համաձայնագիրն արդեն երկարաձգվել է 2022 թվականի նոյեմբերին, որի ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։
«Մենք նամակ ենք ուղարկել՝ խնդրելով սկսել զբաղվել այս հարցով, քանի որ մարտի 18-ը շատ շուտով է, բայց դեռ որեւէ արձագանք չենք ստացել»,- ասել է Վասկովը։
Ուկրաինան հացահատիկի սեւծովյան նախաձեռնության շրջանակներում ամսական մոտ 3 մլն տոննա գյուղմթերք է արտահանում։
Յուրի Վասկովը նշել է, որ Օդեսայի մարզի նավահանգիստներից միանգամայն հնարավոր է արտահանել ամսական 6 մլն տոննա հացահատիկ, իսկ Նիկոլաեւի նավահանգիստները ծրագրում ներառելու դեպքում այդ թիվը հասցնել 8 մլն տոննայի։
Ծովային ապահովագրության ոլորտում Reuters-ի աղբյուրները ասում են, որ Նիկոլաեւը ծրագրում ներառելը կօգնի արագացնել ուկրաինական մի քանի նավահանգիստներում արգելափակված մոտ 60 օտարերկրյա նավերի ծով դուրս գալը: Ըստ նավագնացության խնդիրների փորձագետների՝ միայն Նիկոլաեւում գտնվում է մոտ 26 նավ։
Հացահատիկի միջանցքը գործում էր՝ օտարերկրացիներին պատկանող նավերի միջոցով։ Այդ գործում նշանակալի դեր ունեին արեւմտյան ապահովագրողները։
2022-2023 թվականներին հացահատիկի արտահանումը Ուկրաինայից՝ հացահատիկի խոշորագույն արտադրողից եւ արտահանողից, նվազել է գրեթե 27 տոկոսով՝ հասնելով 31,8 միլիոն տոննայի՝ բերքի կրճատման եւ ռուսական ներխուժման հետեւանքով առաջացած լոգիստիկ դժվարությունների պատճառով:
Միեւնույն ժամանակ, ըստ Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարության, չնայած հացահատիկի բերքի կրճատմանը` 2021 թվականի ռեկորդային 86 միլիոն տոննայից 2022 թվականի 54 միլիոն տոննայի, Ուկրաինայի ամբարներում դեռեւս գտնվում է 30 միլիոն տոննա հացահատիկ եւ կարող է արտահանվել:





























