Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը լեհական Huta Stalowa Wola ընկերության հետ ստորագրել է հազար Borsuk հետեւակի մարտական մեքենաներ եւ 400 միավոր ուղեկցող տեխնիկա արտադրելու շրջանակային համաձայնագիր, երեքշաբթի՝ փետրվարի 28-ին տեղեկացրել է ռազմական գերատեսչությունը։
Սա ամենամեծ գործարքը կդառնա լեհական պաշտպանական արդյունաբերության պատմության մեջ, նշել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը։ «Սա պատմական գործարք է։ Հետխորհրդային ԲՎՊ-1-ն անցնում է պատմության գիրկը։ Borsuk-ը, որը ստեղծել են լեհ կոնստրուկտորները եւ պատրաստել է Huta Stalowa Wola-ն, հաջողությամբ կփոխարինի այդ մեքենային։ Մենք ուժեղացնում ենք լեհական բանակը՝ այն զինելով մեր երկրում արտադրված զինատեսակներով։ Ամեն անգամ, երբ նման հնարավորություն է ստեղծվում, մենք այն օգտագործում ենք»,- ասել է Բլաշչակը։
Առաջին չորս ՀՄՄ-ները պետք է տրվեն լեհական բանակին 2023թ. ընթացքում։ Բլաշչակի խոսքով՝ հետագա մատակարարումները «կիրականացվեն արագ», բայց ժամկետներ նախարարը չի նշել։ Լեհական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ կառավարությունը նախատեսել էր նոր ՀՄՄ-ները գնել ավելի ուշ, բայց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն արագացրեց այդ գործընթացը։





























