Իսրայելի ընդդիմությունը չորեքշաբթի ամբողջ երկրում բողոքի զանգվածային ակցիաների շարք է անցկացնում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականության եւ նրա առաջարկած դատական բարեփոխումների դեմ: Թել Ավիվում հարյուրավոր մարդիկ երթի են դուրս եկել՝ կարգախոսներ հնչեցնելով ի պաշտպանություն ժողովրդավարության, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թել Ավիվում ցույցը սկսվել է Դիզենգոֆ հրապարակում, որտեղից ցուցարարների շարասյունն անցել է քաղաքի փողոցներով դեպի նրա արեւելյան հատված, որտեղ գտնվում է կառավարական շենքերի համալիրը: Ցուցարարների խմբերի պարբերական տեղաշարժը խցանումներ է ստեղծել ամբողջ քաղաքում, խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Ցուցարարներն իրենց հետ ունեցել են Իսրայելի բազմաթիվ դրոշներ, բողոքի կարգախոսներով պաստառներ, թմբկահարել են եւ երգել քաղաքական պահանջներով երգեր։
Մարտի 1-ին Իսրայելի տասնյակ քաղաքներում տարբեր մասշտաբի հարյուրավոր բողոքի ակցիաներ են անցկացվում։ Ինչպես հաղորդում է The Times of Israel թերթը, առավոտից ցուցարարները սկսել են պիկետներ կազմակերպել դպրոցների մոտ, փորձել են արգելափակել ավտոմայրուղիներում տրանսպորտի երթեւեկությունը, օրվա ընթացքում սպասվում են բազմաթիվ նման ակցիաներ: Օրվա երկրորդ կեսին կազմակերպիչները մտադիր են բողոքի կենտրոնը տեղափոխել Երուսաղեմ։
Անցյալ տարվա վերջին Նեթանյահուի կառավարության դեմ ընդդիմության զանգվածային ելույթները շարունակվում են հունվարի սկզբից։ Բողոքի ակցիաների համար առիթ է հանդիսացել նոր կառավարության առաջարկած դատական բարեփոխումների նախագիծը, որը, մասնավորապես, ենթադրում է Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում եւ նախարարների կաբինետին դատավորների ընտրության նկատմամբ վերահսկողության տրամադրում:
Ընդդիմության կարծիքով՝ այդ բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։ Նեթանյահուն պնդում է, որ իր կառավարությունը ձեւավորվել է ժողովրդավարական ընտրությունների արդյունքում եւ իրականացնելու է ծրագիր, որի օգտին քվեարկել է ընտրողների մեծամասնությունը՝ չնայած ընդդիմադիրների առճակատման հռետորաբանությանը:





























