ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, հայկական սուրբ Մարիամ եկեղեցու խորհրդի հետ համատեղ Վաշինգտոնի «Լենսեր» սրահում կազմակերպել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություն: Հանդիսավոր մասում բացման խոսքով հանդես է եկել դեսպան Մարգարյանը, որն իր ելույթում  մասնավորապես նշել է, որ Հայաստանի անկախ պետականությունը կառուցվել է մեծագույն ջանքերի եւ զոհողությունների գնով:

Դեսպան Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունը խթանել է նաեւ ազգային կյանքը Սփյուռքում` նպաստելով հայ ինքնության պահպանմանն ու դառնալով համայն հայության միասնության գրավականը: Ամփոփվել են նաեւ դեսպանության եւ եկեղեցու կողմից  տարվա ընթացքում կազմակերպված  Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված` երեխաների աշխատանքների մրցույթների արդյունքները: Միջոցառման հանդիսավոր մասին հետեւել է Բոստոնի «Սայաթ-Նովա» հանրահայտ պարախմբի ելույթը:

Հատուկ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ պատրաստված եւ առաջին անգամ ցուցադրվող բեմականացումը հայկական պարեղանակների միջոցով ներկայացրել է Հայոց պատմությունը` Հայկի եւ Վահագնի լեգենդներից, հնօրյա ժամանակներից մինչեւ մեր օրերի ազատ եւ անկախ Հայաստան: