ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վավերացման վերաբերյալ Հունգարիայի խորհրդարանի քվեարկությունը հետաձգվելու է մոտ երկու շաբաթով: Այս մասին հայտնում է հունգարական HVG թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Հունգարիայի իշխող «Ֆիդես» կուսակցությունը որոշում չի կայացրել այդ հարցով։ Կուսակցության ղեկավարությունն առաջարկում է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը քննարկել մարտի 20-ից հետո։
«Ֆիդես»-ը մտադիր է բանակցային պատվիրակություն ուղարկել երկու երկրներ, որպեսզի «կարգավորեն բոլոր վեճերը»: «Ֆիդես» խմբակցության ղեկավար Մատե Կոչիշը հայտարարել է, որ վեճի լուծումն անհրաժեշտ է, քանի որ Շվեդիան եւ Ֆինլանդիան «կոպտորեն եւ անհիմն վիրավորել են Հունգարիային, իսկ այժմ ծառայություն են խնդրում»։
Նախօրեին Հունգարիայում խորհրդարանական քննարկումներ են տեղի ունեցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության շուրջ։ Հունգարական Mi Hazánk (Մեր Հայրենիք) կուսակցության ներկայացուցիչ Էլյոդ Նովակը հայտարարել է, որ խմբակցությունը առաջարկում է վետո դնել ՆԱՏՕ-ի ընդլայնման վրա, քանի որ դա սադրանք եւ քայլ կլինի դեպի համաշխարհային պատերազմ:
Հունգարիան բազմիցս հետաձգել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտի վերաբերյալ որոշումը։ Փետրվարի 28-ին Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության ձգձգումը կասկածի տակ է դնում բաց դռների քաղաքականությունը եւ խաթարում դաշինքի նկատմամբ վստահությունը։





























