Ես (այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ) կոչ եմ արել Ռուսաստանին չեղարկել իր անպատասխանատու որոշումը եւ վերականգնել ռազմավարական միջուկային սպառազինությունների պայմանագիրը, որը սահմանափակում է Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի միջուկային զինանոցի չափերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է BBC-ն։

«Պայմանագրի փոխադարձ պահպանումը բխում է մեր երկու երկրների շահերից։ Սա այն է, ինչ մարդիկ ամբողջ աշխարհում սպասում են մեզնից՝ որպես միջուկային տերություններից: Ես ասացի արտգործնախարարին [Լավրովին], որ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում աշխարհում եւ մեր հարաբերություններում, ԱՄՆ-ը միշտ պատրաստ կլինի համագործակցել ռազմավարական սպառազինությունների վերահսկման հարցում, ինչպես դա արել են ԱՄՆ-ն եւ ԽՍՀՄ-ը նույնիսկ սառը պատերազմի գագաթնակետին»,- ասել է նա։

Ռուսաստանը պայմանագրին իր մասնակցությունը 2023 թվականի փետրվարի 21-ին է կասեցրել։