Լեռնային Ղարաբաղի հանրապետության` մասնավորապես Ստեփանակերտի եւ Շուշիի 16 դպրոցների աշակերտները շուտով կունենան համակարգիչներ: Դրանք նրանց կտրվի «Ֆրութֆուլ Արմենիա» ընկերության «Նուռ» ծրագրի շրջանակներում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, «Ֆրութֆուլ Արմենիա 7-րդ. Գործիքներ» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նուռ» ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դուվալը:
Նրա խոսքով` ծրագրի շրջանակներում դպրոցների ուսուցիչներները վերապատրաստման դասընթացներ են անցել, որոնք շուտով կավարտվեն: Ծրագիրը կմեկնարկի դեռեւս ԼՂՀ երկու քաղաքներում` Ստեփանակերտում եւ Շուշում, քանի որ այնտեղ ինտերնետ կապ կա: Նշենք, որ ինտերնետ կապի հարցում ծրագրին աջակցել է ԼՂՀ կառավարությունը: Ս. Ա. Դուվալի խոսքով` աշակերտներին կտրվի այնպիսի համակարգիչներ, որոնք պատրաստված են հատուկ հանրակրթական դպրոցների համար. «Համակարգիչներում ներառված են դպրոցական բոլոր առարկաները»,-ասաց ծրագրի ղեկավարը:
NEWS.am- Ինովացիայի թղթակցի հարցին, թե արդյոք դա ենթադրո՞ւմ է, որ երեխաները այլեւս գրքեր չեն տանելու դպրոց, Ս. Ա. Դուվալը ասաց, որ այս տենդենցն արդեն նկատելի է ամբողջ աշխարհում, գրքերին սկսում են փոխարինել էլեկտրոնային սարքերը, սակայն դեռեւս «Նուռ» ծրագրով նման բան նախատեսված չէ, եւ երեխաները դեռեւս գրքեր կտանեն դպրոց:Նշենք, որ «Նուռ» ծրագրով` Ստեփանակերտի եւ Շուշիի բոլոր 16 դպրոցների 1-4-րդ դասարանցիներին երեխաներին համակարգիչները կտրվեն արդեն տարեվերջին կամ եկող տարվա սկիզբ: Ծրագրով նախատեսված է հետագայում ընգրկել նաեւ ԼՂՀ այլ բնակավայրերը, նախատեսված է 22 հազ. համակարգիչ տրամադրել ԼՂՀ դպրոցներին: Նշենք, որ ծրագրի համար այս տարի տրամադրվել է 1.5 մլն դոլար:



























