Նախկին փաստաբան Ալեքս Մերդոն դատապարտվել է ցմահ բանտարկության կնոջ ու որդու սպանության համար, տեղեկացրել է ВВС-ն։
Լսումները Հարավային Կարոլինայում տեղի են ունեցել 54-ամյա Մերդոյին ներկայացված մեղադրական եզրակացությունից մեկ օր հետո։
Մերդոյի 52-ամյա կինը՝ Մեգին, եւ 22 ամյա որդին՝ Փոլը, 2021թ. հունիսի 7-ին սպանվել էին մոտ տարածությունից արձակված կրակոցներով իրենց ընտանեկան կալվածքում։
Դատախազությունում կարծում են, որ նա կնոջն ու որդուն սպանել է, որպեսզի շեղի ուշադրությունն իր ֆինանսական հանցագործություններից եւ կարեկցության արժանանա։
Դատավոր Քլիֆտոն Նյումանն այս գործն անվանել է «ամենատագնապեցնողներից մեկը» եւ նշել է, որ Մերդոն «անցյալում հայտնի էր որպես իրավաբանական հանրույթի անդամ»։
Ալեքս Մերդոն գլխավորել է իրավաբանական գերդաստանը, որը տասնամյակներ շարունակ զբաղեցրել է ազդեցիկ տեղ. ոմանք այն անվանել են «Մերդոյի երկիր»։
Դատավորը հայտարարել է, որ հասկանում է նահանգի՝ մահապատիժ չկայացնելու որոշումը, բայց նշել է, որ հենց Մերդոյի ընտանիքում ավելի փոքր հանցանքների համար են մարդկանց մահապատժի ենթարկել։
Լիցենզիայից զրկված փաստաբանը վեց շաբաթ տեւած դատավարությունից հետո դատապարտվել է սպանության մեղադրանքի երկու կետով։
Դատավարության ընթացքում քննիչները պարզել են, թե ինչպես է Մերդոն հաճախորդներից յուրացրել 9 մլն դոլար, որպեսզի ֆինանսավորի կախումը ցավազրկող միջոցներից եւ շքեղ կենսակերպը։
Ուրբաթ օրը դատավճռի կայացման ընթացքում Մերդոն երկու անգամ ելույթ է ունեցել, որպեսզի հայտարարի իր անմեղության մասին։ Նրա փաստաբանները հայտարարել են, որ 10 օրվա ընթացքում կբողոքարկեն ցմահ բանտարկության վճիռը։





























