ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի իրավապահ մարմիններն իրականացրել են համատեղ գործողություն, որի ընթացքում բացահայտվել է միջազգային թմրակարտել՝ Հարավային Ամերիկայի ափերի մոտ Ավստրալիա մեկնող նավի վրա 2,4 տոննա կոկաին բռնագրավելուց հետո, հայտնում է CNN-ը։
Մեքսիկական թմրակարտելի հետ կապված կոկաինի փողոցային արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ ավստրալիական դոլար (677 միլիոն ԱՄՆ դոլար), որը համարժեք է Ավստրալիայի տարեկան սպառման կեսին, ինչն այն դարձնում է ավստրալական ոստիկանության մասնակցությամբ ամենամեծ առգրավումներից մեկը:
Տասներկու կասկածյալներ կալանավորվել եւ նրանց մեղադրանք է առաջադրվել, ասել է Արեւմտյան Ավստրալիա նահանգի ոստիկանությունը՝ առաջին անգամ բացահայտելով գործողության մանրամասները, որոնք սկսվել են անցյալ տարվա նոյեմբերին, երբ ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը (DEA) բռնել է նավը:
Արեւմտյան Ավստրալիայի ոստիկանությունը բեռը փոխարինել է նույնպիսի փաթեթավորմամբ կեղծ կոկաինով եւ դեկտեմբերի 28-ին գցել է այն նահանգի մայրաքաղաք Պերթից մոտ 40 ծովային մղոն արեւմուտք:
Դեկտեմբերի 30-ին ձերբակալվել են «թմրանյութերի ցանցի ավստրալական ճյուղի» երեք ենթադրյալ անդամներ՝ 1,2 տոննա կեղծ կոկաինով, այն բանից հետո, երբ նրանք, ենթադրաբար, երեք ճանապարհորդություն են կատարել փոթորկոտ ծովով՝ փաթեթները հավաքելու համար:
Եւս ինը ձերբակալություն կատարվել է մինչեւ հունվարի 13-ը, ներառյալ երթեւեկության դադարեցումը Մեծ Արեւելյան մայրուղում, Պերթից մոտ 600 կիլոմետր դեպի արեւելք, որտեղ ոստիկանությունը հայտնաբերել է ավելի քան 2 միլիոն ավստրալական դոլար կանխիկ գումար:
Ոստիկանությունը հայտնել է, որ 12 մեղադրյալների թվում եղել է ԱՄՆ-ի 39-ամյա մի քաղաքացի:





























