Նոյեմբերին Երեւանում տեղի է ունենալու հայ-բելգիական տնտեսական համաժողով, որի կազմակերպման նախաձեռնությունը հայ-բելգիական առեւտրային պալատինն է: Այս մասին սեպտեմբերի 19-ին ՝ Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում European press club-ում հայկական եւ եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ արդեն իսկ ձեւակերպվել են համաժողովում քննարկվելիք բիզնես ուղղությունները (դեղագործություն, գյուղատնտեսական ապրանքների վերամշակում, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, ապահովագրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ), ինչպես նաեւ հստակեցվել դրանց նկատմամբ հետաքրքրություն ունեցող ձեռնարկությունների ցանկը: Վարչապետը նշեց, որ՝ ներկայում Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգն իր մեջ ներառում է տասնյակ կետեր, որոնց շրջանակում են մեր երկրում եվրոպական չափանիշներին համապատասխան երեք մաքսային անցակետեր կառուցելու, նրանցում մեկ պատուհանի սկզբունք ներդնելու եւ հաճախորդներին համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ծրագրերը: Բարեփոխումների երկրորդ ուղղությամբ հարկային եւ մաքսային վարչարարության շուրջ պետք է իրականացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնք իրենցից ներկայացնում են տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծում՝ պետության հետ հարաբերություններում եւ այլն:
Անդրադառնալով Հայաստանի անկախության 20 տարիներին ընթացքում մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ կառավարության ծրագրերին՝ վարչապետը նշել է. «Մենք դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենք: Մեր կողմից հռչակված արժեքները դեռեւս ամբողջությամբ չեն կիրառվում եւ իրականացվում, մեր գաղափարները, նպատակները եւ իրականությունը դեռեւս չեն համընկնում, բայց համոզված ենք, որ հաղթահարելով այս 20 տարիների աննկարագրելի դժվարություններն ու բարդությունները՝ մենք ի վիճակի ենք լուծել այսօրվա խնդիրները: Ընդամենը պետք է հավատալ եւ սիրել սեփական հայրենիքը»:




























