Չորեքշաբթի օրը հազարավոր կանայք մասնակցել են Պակիստանում անցկացվող հանրահավաքներին՝ չնայած ցույցերը արգելափակելու մի քանի քաղաքների իշխանությունների փորձերին, հաղորդում է AFP-ն:

Այս հանրահավաքները, որոնք հայտնի են որպես «Աուրատ» (կանանց) երթեր, վեճեր են առաջացնում պաստառների եւ պլակատների պատճառով, որոնք մասնակիցները ծածանում են՝ բարձրացնելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ամուսնալուծությունը, սեռական ոտնձգությունները եւ դաշտանը:

Ամեն տարի Պակիստանում կանանց երթի մասնակիցները ենթարկվում են սպառնալիքների եւ ոտնձգությունների:

Մասնակիցների խոսքով՝ «Աուրատ» երթի ողջ իմաստն այն է, որ պահանջեն անվտանգություն եւ պաշտպանություն, որը կանայք չունեն այս երկրում եւ հասարակության մեջ։

Հանգստյան օրերին քաղաքային իշխանությունները հրաժարվել են ապահովել «Աուրատ» երթի մասնակիցների անվտանգությունը, չնայած այն հանգամանքին, որ «համեստ» հակաերթը թույլատրված է եղել։

Մայրաքաղաք Իսլամաբադում կազմակերպիչները հրաժարվել են հնազանդվել հանրահավաքը քաղաքային այն զբոսայգով սահմանափակելու հրամաններին, որտեղ փետրվարին մի կին խմբակային բռնաբարության էր ենթարկվել:

Փոխարենը հարյուրավոր կանայք հավաքվել էին քաղաքի մամուլի ակումբի մոտ, որտեղ ոստիկաններն ի վերջո հանել են բարիկադը եւ թույլ տվել երթ սկսել։

Քննադատները կարծում են, որ «Աուրատի երթը» պաշտպանում է մուսուլմանական երկրում էլիտար եւ արեւմտյան մշակութային արժեքները, իսկ կազմակերպիչները մեղադրվում են կրոնական եւ մշակութային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։

2020 թվականին թունդ իսլամիստների խմբերը եկել են ֆուրգոններով եւ քարեր են նետել Իսլամաբադում «Աուրատ» երթին մասնակցող կանանց վրա։

Պակիստանի հասարակության մեծ մասը գործում է «պատվի» խիստ օրենսգրքով, որը համակարգում է կանանց ճնշումը այնպիսի հարցերում, ինչպիսիք են ամուսնական ընտրության իրավունքը, վերարտադրողական իրավունքները եւ նույնիսկ կրթության իրավունքը:

Պակիստանում ամեն տարի տղամարդիկ հարյուրավոր կանանց են սպանում իբր այս «օրենսգիրքը» խախտելու համար։