Անհայտ անձինք ուրբաթ երեկոյան Աթենքում ծեծի են ենթարկել ֆինանսների նախկին նախարար, խորհրդարանական ձախական կուսակցության առաջնորդ Յանիս Վարուֆակիսին, հաղորդում է ERT 1 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Էքսարխիա շրջանում։ Վարուֆակիսը, որը չի օգտվում պահպանությունից, ռեստորանում ընթրել է իր կուսակցության գործկոմի անդամների հետ։ Ավելի քան 10 մարդ մոտեցել է նրանց եւ քաղաքական գործչին զրույցի կանչել։ Ռեստորանի շեմին Վարուֆակիսի քիթը կոտրել են եւ ընկնելուց հետո շարունակել են հարվածել ձեռքերով ու ոտքերով։
Ինչպես ճշտում է հեռուստաալիքը, դատելով բղավոցներից, նախկին նախարարին հիշեցրել են, որ նա ժամանակին քվեարկել է միջազգային վարկատուների հետ Հունաստանի պարտքային համաձայնագրերի օգտին: Նա 2015-ին գլխավորել է ֆինանսների նախարարությունը Ալեքսիս Ցիպրասի կառավարությունում եւ վարկատուների հետ բանակցություններում պայքարել է արտաքին պարտքի մի մասը դուրս գրելու եւ խիստ խնայողության միջոցներից հրաժարվելու համար։ Նույն թվականին հրաժարականից հետո Վարուֆակիսը մեղադրվում էր բանակցությունները ձգձգելու մեջ, ինչը հանգեցրել է Հունաստանում հանրաքվեի: Հանրաքվեում հույների ավելի քան 61 տոկոսը դեմ է արտահայտվել վարկատուների հետ համաձայնագրի նախագծին, սակայն այդ արդյունքներն անտեսվել են:
Վարուֆակիսին ուրբաթ տեղափոխել են Evangelismos հիվանդանոց։





























