Նոր Զելանդիայի դպրոցների շուրջ 50 հազար ուսուցիչներ հինգշաբթի դուրս են եկել փողոց՝ հայտարարելով համազգային գործադուլ, որը խոշորագույնն է դարձել 2019 թվականի մայիսից ի վեր, հինգշաբթի հայտնել է Նոր Զելանդիայի հեռուստատեսության 1news ալիքը: 

Ըստ տվյալների՝ դպրոցների մոտ 800 հազար աշակերտ հանգստյան օր է ստացել, քանի որ դասասենյակները փակ են եղել։ Ուսուցիչները պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում, քանի որ այժմ երկրում ուսուցիչների եւ ուսումնական հաստատությունների այլ աշխատակիցների պակաս կա:  

Նոր Զելանդիայի խոշորագույն Օքլենդ քաղաքում ուսուցիչների բողոքի ակցիային մասնակցել է մինչեւ 9 հազար մարդ: 

Ինչպես հաղորդում է 1news-ը, Նոր Զելանդիայի կրթության նախարար Ջեն Թինեթին հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ինքը շատ հիասթափված է  ստեղծված իրավիճակից: 

Ընդ որում, ուսուցիչների ասոցիացիայի ղեկավար Քրիս Աբերկրոմբին ասել է, որ չի բացառում բողոքի հետագա ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը պատրաստ չէ համաձայնության գալ ուսուցիչների հետ: