Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 10 հազար դոլար է նվիրաբերել գրող, հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանի բուժման համար` այդպիսով ամբողջացնելով անհրաժեշտ 50 հազար դոլարը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին դրամահավաքի կազմակերպիչները:
Նշենք, որ Հովհաննես Գրիգորյանի բուժման համար կազմակերպված դրամահավաքին մասնակցել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Երիտասարդ գրողների նախաձեռնությամբ կազմակերպվել է 3 բարեգործական միջոցառում։ Երեկ Հյուսիսային պողոտայում անցկացվել է Գրիգորյանի գրքերի ցուցահանդես-վաճառք, այսօր` ժամը 19։00-ին Համազգային թատրոնում եւԱրամ Խաչատրյան համերգասրահում զուգահեռաբար կանցկացվեն 2 բարեգործական միջոցառումներ. Համազգայինում կբեմադրվի «Սեր եւ սկլերոզ» ներկայացումը, Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան հեղինակային կատարողներ, այդ թվում՝ Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Էդվարդ Զորիկյանը, կհնչեն գրողի բանաստեղծություններից: Գրողի բուժումը կիրականացվի Գերմանիայում։ Հայաստանյան դրամահավաքն ամփոփվել է։ Հիվանդության լիարժեք հաղթահարման համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար Սփյուռքում դրամահավաքը շարունակվում է:




























