Սեպտեմբերի 25-ին Բաքվում մեկնարկելիք բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները կբնակվեն մյուս թիմերից առանձին: Նրանք կտեղավորվեն քաղաքի տարածքում գտնվող, խիստ հսկողության տակ վերցրած մարզաբազայում: Այդ մասին allsportinfo.ru-ին ասել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Եվգենի Սուդակովը: Ռուսաստանի նկատմամբ ադրբեջանցիների հատուկ ուշադրության պատճառը թիմի առաջատար երկու բռնցքամարտիկների ազգությունն է: 49 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում է Դավիթ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային կարգում` Միշա Ալոյանը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն մեկնել է Թբիլիսի, որտեղից Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ կմեկնի Բաքու:
Աշխարհի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, իսկ առաջին մենամարտերը` սեպտեմբերի 26-ին:
Այս մրցաշարը Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային է. ուղեգիր կնվաճեն 1-8-րդ տեղերը գրաված մարզիկները:




























