Եղեգնաձորի ծննդատանը նորածնի մահվան հարցում բժշկական,կազմակերպական, մասնագիտական վարման, էթիկայի սխալներ չկան: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված լուրերին, որ Եղեգնաձորի ծննդատանը նորածին է մահացել, եւ կոնսուլտացիոն բժշկուհին եղել է Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը, ով, ավելի վաղ, ըստ «Չենք լռելու» նախաձեռնության, օգոստոսի 11-ին ծննդաբերության համար իրենց մոտ տեղափոխված, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի կնոջ հարազատներին հորդորել էր մի քիչ էլ սպասել, մինչեւ ինքն իր բուրդը չփխի ու գա ծնունդն ընդունելու:

Լրատվամիջոցներում տարածված երկրորդ դեպքի մասին նշվում է, որ հղիության ընթացքում կինը հսկվել է Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից եւ Կարինե Սարիբեկյանի խոսքով` հսկողության վարման մեջ որեւէ սխալ չկա:

«Կինը նախապատրաստվել է պլանային կեսարյան հատման, բայց ավելի վաղ կնոջ մոտ սկսվել է պտղաջրերը գնալ, արյունային արտադրություն է սկսվել: Եկել է Վայք, բժշկուհին արագ կազմակերպել է,15 րոպեի ընթացքում տեղափոխվել է Եղեգնաձոր, որովհետեւ Վայքում այդ պահին չի եղել անեսթեզիոլոգ, նեոնոտոլոգ: 15 րոպեում տեղափոխել են, ծննդաբերել է, կնոջ կյանքը փրկվել է,իսկ երեխան ծնվել է ծայրահեղ ծանր, ինչի պատճառը ներարգանդային վարակն է եւ թոքաբորբը: Դա են ցույց տալիս հետազոտության նախնական տվյալները, սակայն գնահատականը վերջնական չէ, որովհետեւ վերջնական ախտորոշում չկա»,- ասաց Կարինե Սարիբեկյանը:

Նրա խոսքով` այս ահազանգից հետո նախարարությունը համապատասխան գործողություններ է ձեռնարկել, վերցրել է բոլոր բժշկական փաստաթղթերը, զրուցել են ընտանիքի անդամների հետ: Ի դեպ, նրանց կողմից որեւէ բողոք չի ներկայացվել, հետեւաբար` քրեական գործ չի հարուցվել: «Դեռ մի հատ էլ շնորհակալ են, որ մոր կյանքը հաջողվել է փրկել»,- ասաց Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ մայրն ունեցել է ներարգանդային վարակ, իսկ երեխայի մահվան պատճառն էլ թոքաբորբն ու վարակային ինֆեկցիան է: