Մատենադարանում թվայնացման գործընթացն ավելի կարագանա: Շուտով մատենադարանը ձեռք կբերի թվայնացման համար նախատեսված նոր սարքավորումներ` պրոֆեսիոնալ 5 ֆոտոխցիկ եւ լայնաֆորմատ սկաներներ:
Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրենի բարձր տեխնոլոգիաների եւ հրատարակչական հարցերով խորհրդական Գուրգեն Գասպարյանը:Նրա խոսքով` ձեռք բերվող սարքավորումները բավականին թանկարժեք են. պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներն արժեն 15 հազ. եվրոյից մինչեւ 30 հազ. եվրո, իսկ թվայնացման լայնաֆորմատ սարքերը 50 հազ. եվրոյից մինչեւ 150-200 հազ. եվրո: Այս սարքավորումները ձեռք կբերվեն բարերարների օգնությամբ:
Գ. Գասպարյանի խոսքով` կավելանա նաեւ թվայնացման բաժնի աշխատակիցների քանակը, ներկայիս 6 աշխատակիցներից նրանց թիվը կհասնի 15-ի: Որակյալ սարքավորումներն ու ավելի մեծ անձնակազմը հնարավորություն կտա առավել արագ եւ որակյալ կատարել թվայնացումը:
«Ներկայումս թվայնացված են մոտ 2000 ձեռագիր մատյան, սակայն ձեռագիր մատյանների թիվը 17000 է, այնպես որ աշխատանք դեռ շատ կա»,-ասաց Գ. Գասպարյանը: Ըստ նրա` սկզբում արխիվային փաստաթղթերն են թվայնացվում, հետո կանցնեն նաեւ 17-18-րդ դարերի կաթողիկոսական դիվանուն` այսիքն` էջնիածնի ամբողջ գրագրությունը, իսկ երբ այդ ամենը վերջացնեն կթվայնացնեն նաեւ տպագիր գրքերը:
Գ. Գասպարյանը դժվարացավ նշել, թե երբ կավարտվի թվայնացման գործընթացը, քանի որ այդ ամենը կախված է ձեռք բերվող սարքավորումներից եւ մարդկային ռեսուրսներից: Սակայն նշեց, որ մեկ օրում մեկ աշխատողը թվայնացնում է մոտավորապես միջինը 500 կադր, իսկ տարեկան մոտ 80 հազ. կադր:
Նշենք, որ Մատենադարանում թվայնացման աշխատանքները սկսվել են 2008թ.-ի սկզբին:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը Մատենադարանի նոր մասնաշենքի ընթերցասրահում հնարավոր կլինի ընթերցել թվայնացված նյութերը համակարգիչներով:




























