Հելսինկիի համալսարանի գիտնականները պարզել են, որ արեւադարձային երկրներում հանգիստը բարելավում է մարդկանց հոգեկան առողջությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Environmental Research and Public Health ամսագրում:
Թիմը որոշել է պարզել՝ ինչպես է արեւադարձային հանգիստն ազդում մարդու հոգեկան վիճակի վրա, ինչպես նաեւ, թե ինչպես է այդ զգացողությունների վրա ազդում դիարեան, որը հաճախ է առաջանում ճանապարհորդների մոտ։
Խումբն ուսումնասիրել է 729 առողջ ֆին քաղաքացիների, որոնք մեկնել են Արեւմտյան Աֆրիկա՝ փորլուծության դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկման շրջանակներում:
Մասնակիցները տրամադրել են իրենց կղանքի նմուշները արձակուրդից առաջ, ընթացքում եւ հետո: Նրանք նաեւ հոգեկան առողջության գնահատման հարցաթերթիկ են լրացրել:
Արդյունքները ցույց են տվել, որ արեւադարձային արձակուրդները բարելավել են մասնակիցների մեծամասնության հոգեկան վիճակը՝ անկախ տարիքից եւ սեռից։
Սակայն հանգստից մոտ մեկ ամիս անց դրական ազդեցությունը նվազել է։ Միեւնույն ժամանակ, ձմռանը արեւադարձային արձակուրդի գնացած մասնակիցների մոտ ազդեցությունն ավելի երկար է տեւել այն մասնակիցների համեմատ, որոնք հանգստի են մեկնել տարվա այլ եղանակին։





























