Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի ավագանին արտահերթի նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր, սակայն ավագանու անդամները չեն ներկայացել նիստին և դրա մեկնարկին Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը նիստերի դահլիճում մենակ էր, քվորում չէր ապահովվել։
«Ղեկավարվելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի երկրորդ ենթակետով՝ հայտարարվում է 30 րոպե ընդմիջում»,-ասաց Լևոն Հովհաննիսյանը։
Ընդմիջումից հետո, սակայն, քվորում չապահովվեց և նիստը համարվեց չկայացած։
«Հարգելի ներկաներ, Երևանի ավագանու արտահերթի նիստը, որը գումարվել էր քաղաքապետ ընտրելու հետ կապված, դարձյալ քվորում չի ապահովել, ուստի, հիմք ընունելով Երևանի քաղաքի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի երկրորդ ենթակետը, նիստը համարվում է չկայացած։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ապրիլի 4-ի նիստում որոշում էր կայացվել Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել ապրիլի 11-ը:
Այդ օրը, սակայն, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: «Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի»,-հավելել էր նա:




























