Զինծառայողների հարազատները, ովքեր գաղտնի սմարթֆոններ են հասցնում զորամասեր, ոչ միայն չեն օգնում իրենց զինվորներին, այլեւ լուրջ սպառնալիքներ են ստեղծում: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովի նիստում ՀՀ Զինված ուժերի կարգապահական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ ռազմական ոստիկանությունը մշտական ստուգումներ է իրականացնում՝ զինծառայողներից առգրավելով արգելված հեռախոսները։ «Սակայն որքան էլ խիստ լինեն այդ ստուգումները, առանց հասարակության աջակցության անհնար է»,-ասաց նա։ 

Զինված ուժերում, ինչպես նշեց փոխնախարարը, բացատրական աշխատանք է տարվում։ «Զորամասերում փակցված են պաստառներ, որոնք նախազգուշացնում են, որ սմարթֆոնները, անգամ՝ անջատված վիճակում, զենք են թշնամու ձեռքում»,-եզրափակեց Սարգսյանը։