Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման, կրթություն ստանալուն զուգահեռ աշխատաշուկայում ինքնաիրացման հնարավորություն տալու, հանրության ամենալայն շերտերի համար կրթության մատչելիության ապահովման եւ սահմանված մի շարք այլ նպատակներով՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Վերջիններս սահմանված առաջնահերթությունների շարքում կարեւորել են գիտական ուսումնասիրությունների, կրթական, դաստիարակչական, սոցիալ-մշակութային ծրագրերի համատեղ իրականացման, աշխատողների նպատակային վերապատրաստման անհրաժեշտությունը։

Հուշագրի շրջանակում ակադեմիան պատրաստակամություն է հայտնել իրականացնելու մասնագետների վերապատրաստման եւ որակավորման բարձրացման դասընթացներ՝ համատեղ պատրաստված ծրագրերով, իսկ նախարարությունը կաջակցի ակադեմիայի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, ուսանողների եւ շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացմանը:

Առաջնահերթություն համարելով կրթության որակի բարելավումը՝ կողմերը նախատեսում են նաեւ իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներ՝ համաժողովներ, վերապատրաստումներ եւ այլն:

Կողմերը նաեւ պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ նպաստելու կրթական համակարգի զարգացմանն ու գիտական մտքի դերի բարձրացմանն աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում: