Սոցիալական բնակարանաշինության ոլորտում խնդիր ունենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«Մենք երկրում ունենք դատարկվող գյուղերի խնդիր, բայց մյուս կողմից մենք դեպի այդ գյուղեր կառուցում ենք ճանապարհներ: Հիմա հաջորդ քայլն ենք անում, այդ գյուղերում կառուցում ենք դպրոցներ, պետք է կառուցենք ամբուլատորիաներ:

Ես մտածում եմ, որ այո, պետք է լինի սոցիալական բնակարանաշինություն, բայց դա պետք է լինի մարզերում, Երեւանում չպետք է լինի, որովհետեւ կնշանակի, որ կխթանենք գյուղերի դատարկման գործընթացը: Երեւանի կենտրոնում սոցիալական բնակարանաշինություն անելը ո՞րն ա:

Մարդը երեք սենյականոց բնակարան ունի Մաշտոցի պողոտայի վրա, ասում է՝ ինձ նպաստ տվեք: Բայց ինքը միլիոնատեր է: 2019-ին ասացի՝ ինձ բերեք Երեւանի փոքր կենտրոնում ապրող նպաստառուների ցուցակը, եւ պարզվեց՝ մի հսկայական ցուցակ կա: Մենք չենք ասում՝ կենտրոնում մի ապրեք, բայց մեզնից ինչի՞ եք նպաստ ուզում, եթե դուք միլիոնատեր եք: Հետո պարզվեց, որ մարդիկ «Գելենվագենով» են շրջում, բայց նպաստ են ստանում: Մարդիկ կան ամիսը 500 հազար վարկ են փակում, բայց նպաստ են ստանում: Մենք մինչեւ հիմա այդ հարցերը չենք լուծել»,-ընդգծեց Փաշինյանը: