Ազգային ժողովում հիմա տեղի է ունենում կոնկրետ ապօրինություն, որովհետեւ ԱԺ նախագահը բիրտ ուժի կիրառման հրահանգով մեզ դուրս է հանել ԱԺ դահլիճից: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Հիմա մեզ արգելում են մտնել մեր աշխատավայր: Սա բացահայտ ապօրինություն է: Պատգամավորի գործունեության իրավունքի ուղիղ ոտնահարում: Սա նշանակում է, որ գործ ունենք տարրական անպատժելիության հետ: Ես իրականացնում էի քաղաքական ակցիա, նրանք կարող էին դրան շատ նորմալ վերաբերվել, որովհետեւ ժամանակին իրենք նմանատիպ ակցիաներ շատ են արել, եւ որեւէ մեկն իրենց նկատմամբ այդպիսի բիրտ ուժ չի կիրառել»,- ասաց պատգամավորը:

Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։

«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասել էր Թովմասյանը։