Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանի հայտարարությունը, թե Հայ ազգային կոնգրեսի մի խումբ մարդիկ փորձում են յուրացնել իր հեղինակած «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման եւ կայուն զարգացման ծրագիրը», իրականությանը չի համապատասխանում, իսկ գրագողության մասին խոսելն ուղղակի աբսուրդ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀԱԿ-ի կրթության եւ գիտության հանձնախմբի համակարգող Սամվել Կարաբեկյանը։

«Դժվարանում եմ ասել՝ ինչ ի նկատի ունի Մանե Հակոբյանը։ ՀԱԿ-ի բարձրագույն կրթության եւ գիտության ծրագրի նախագիծն այժմ եզրափակիչ փուլում է։ Ինձ թվում է՝ առաջիկա 10 օրվա ընթացքում ծրագիրն իր վերջնական տեսքով կհրապարակվի։ Այ այդ ժամանակ կտեսնենք՝ կա՞ այնտեղ որեւէ բան Մանե Հակոբյանից, թե` ոչ. իհարկե չկա։ Կան բազմաթիվ առաջարկներ, այս կամ այն դրույթները ծրագրում ներառելու վերաբերյալ։ Չեմ բացառում, որ ստացվող առաջարկություններից մեկը կամ մի քանիսը կարող են համահունչ լինել Մանե Հակոբյանի հրապարակած ծրագրի այս կամ այն թեզին։ Սակայն մինչեւ ծրագրի վերջնական ընդունումը խոսել առաջարկներից որեւէ մեկը նրանում ընդգրկելու վերաբերյալ, պարզապես անիմաստ եմ համարում։ Չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է նա խոսում, դրա համար էլ դժվարանում եմ ասել՝ ինչ նկատի ունի Մանե Հակոբյանը»,- ասաց Կարաբեկյանը:

Անդրադառնալով գրագողության թեմային, նա ասաց. «Պատկերացրեք՝ քննարկում ենք մի խնդիր, որտեղ ինչ-որ մեկը կարող է առաջարկ անել կամ, ասենք, դուք էկոլոգիական ծրագիր եք գրում, որտեղ գրվում է ենթադրենք՝ ծառեր հատելը վնասակար է բնության համար։ Եւ հայտնվում է ինչ-որ մեկը ու ասում՝ ես հեղինակային իրավունք ունեմ այդպիսի արտահայտության վրա, ուստի դու իրավունք չունես դա օգտագործել»: ՀԱԿ-ի անդամն ավելացրեց, որ ժամանակին իրենց ծրագրի համար բազմաթիվ առաջարկներ հենց Մանե Հակոբյանն է արել։ «Նա ՀԱԿ-ի կրթության եւ գիտության հանձնաժողովի կազմում էր։ Բազմաթիվ բանավեճեր են եղել։ Այդ թվում, նա բազմաթիվ առաջարկություններ է արել։ Տարբեր մարդիկ կան. մեկը մտածում է, որ եթե իր առաջարկները փաթեթով չեն անցնում, ապա ինքն այստեղ անելիք չունի։ Ծրագիրը կհրապարակվի, այն վերջնական համաձայնությունների փուլում է։ Թող համեմատի իր ծրագրի հետ, տեսնենք ինչ կգտնի, ինչ չի գտնի. իհարկե ոչ մի բան չի գտնի»,- ամփոփեց ՀԱԿ կրթության եւ գիտության հանձնաժողովի համակարգողը։ 

Նշենք, որ թերթերից մեկն իր սեպտեմբերի 27-ի համարում գրել էր, որ ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյանը բաց նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ՀԱԿ-ին մեղադրում է գրագողության մեջ:«ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավարի կազմի մի ստվար խմբի կողմից` ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Հրանտ Բագրատյանի անմիջական ղեկավարությամբ, 2009թ. աշնանից սկսած խախտվում են իմ հեղինակային իրավունքները: Սա փաստացի գողություն է:  Մի խումբ անձինք ջանում են յուրացնել իմ հեղինակած «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխմաեւ կայուն զարգացման ծրագիրը», այս պահի դրությամբ նրա «Գիտություն» բաժինը: Իմ համալիր «Ծրագրի» նկատմամբ միանձնյա հեղինակային իրավունք ունեմ: Եվ այս ամենի մասիբ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար կազմը ի սկզբանե գրավոր կերպով տեղեկացված է եղել»։