Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հաղորդումը դեռևս 2021 թվականին կցվել է 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթին և դրա շրջանակներում քննության առարկա է հանդիսացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա չկարողացավ պատասխանել հարցին, թե արդյոք հարցաքննվե՞լ է Նիկոլ Փաշինյանն այդ վարույթի շրջանակներում, միայն նշեց, որ քանի որ հսկող դատախազը չէ, այդ թարմ տեղեկատվություն չունի, թե վարույթով քանի անձ է հարցաքննվել։

«Կան հարցաքննության արձանագրություններ նշված պաշտոնատար անձանց մասով, բայց ես 100 տոկոս վստահություն չունեմ, թե դրանք որ դրվագներին են վերաբերվում»,–ասաց Վարդապետյանը` հավելելով, որ համապատասխան հարցման դեպքում գլխավոր դատախազությունը կարող է տեղեկություններ տրամադրել, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է հարցաքննվել քննության շրջանակներում:

Նա նաև հայտնեց, որ վարույթը քննության մեջ է։ Սկզբում հարուցվել էին բազմաթիվ վարույթներ, որոնք ավելի ուշ միացվել են մեկ ընդհանուր վարույթին։

Նշենք, որ 2021 թվականի հունիսին այժմ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը պահանջել են քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից կատարված «ակնհայտ պետական դավաճանության» փաստով։ Փաստաբանը ներկայացրել է այն հանգամանքները, որոնք, ըստ նրանց, վկայում են թշնամական պետության օգտին և ի վնաս Հայաստանի շահերի վարչապետի գործողությունների մասին: