Թուրքիայի ընդդիմադիր դաշինքի (բաղկացած է վեց կուսակցություններից) նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն քաղաքացիներին կոչ է արել ընտրություններում հաղթելու դեպքում տանը մնալ, գրում է Bloomberg-ը։
Քըլըչդարօղլուն կարծում է, որ ընտրությունների հաջորդ գիշերը իր կողմնակիցները կարող են բախվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը հավատարիմ «զինված տարրերի» հետ։
«Մեր հաղթանակից հետո բոլոր քաղաքացիները պետք է մնան տանը եւ ոչ թե փողոցում տոնեն։ Ինչ-որ մեկը կարող է անկարգություններ հրահրել, կարող են ինչ-որ մեկին սադրել, զինված տարրերը կարող են դուրս գալ փողոց»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի մայիսի 14-ին։
Քըլըչդարօղլուն համարվում է գործող նախագահ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Ավելի վաղ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում նա կկարեւորի Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին եւ «հավասար հարաբերություններ կփնտրի Ռուսաստանի հետ քննարկումներում»։
Քըլըչդարօղլուն հայտարարել է նաեւ, որ Թուրքիան կարիք չունի գնելու ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը, քանի որ «պարզ չէ, թե ում դեմ դրանք օգտագործել»։
Հաղթանակի դեպքում Քըլըչդարօղլուն խոստացել է նաեւ «ազդանշան տալ» եվրոպական երկրներին եւ վերսկսել ԵՄ-ին Անկարայի անդամակցության շուրջ բանակցությունները։





























