Օպերային երգիչ, հայտնի «Լունա» երգի կատարող Ալեսանդրո Սաֆինան, սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո, երբ նա վիրավորված հեռացավ սրահից, արդեն մոռացել է տեղի ունեցածը եւ պատրաստվում է իր սեպտեմբերի 29-ի համերգին:

«Նրա մոտ ամեն ինչ նորմալ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

«Ինքը լրագրողից վիրավորվեց եւ տեսնելով, որ իրավիճակն իր համար ճիշտ չէ, թողեց գնաց»,-նշեց նա:

Մեկ անգամ եւս հետաքրքրվեցինք, թե հայտնի երգիչը գիտե՞ր, որ իրեն հրավիրել են «Բոկոտն թագուհի» մականունով հանրահայտ երգչուհի Սեզարիա Էվորայի փոխարեն, ում երեւանյան համերգը չի կայացել, նա պատասխանեց. «Իհարկե, մենք իրեն ասել ենք ամեն ինչ, որ եթե իր մոտ այդ օրը հրաշքով ազատ է, սիրով թող գա, ոչ ոք չի թաքցրել այդ փաստը»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ասուլիսում հնչած հարցին, որը կազմակերպիչները սկզբում չէին թարգմանել, հետո էլ ոչ ճիշտ ձեւով էին թարգմանել, Սոնա Հովհաննիսյանն ասաց. «Լրագրողը վիրավորական ձեւով հարցրեց, հարցադրումը սխալ էր, չպետք է ժուռնալիստը այդպես տգեղ հարց տար: Հարցը տգեղ էր հնչում, ես իրեն չէի ուզում տգեղ բան ասեի»:

Նշենք, որ Ալեսանդրո Սաֆինայի ասուլիսում լարված իրավիճակի առաջացման պատճառը, թերեւս, այն էր, որ երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց նրան, թե արդյոք վատ չե՞ք զգում, որ փոխարինում եք մեկ այլ երգչի` Սեզարիա Էվորային, նրա չկայացած համերգի պատճառով, կազմակերպիչները սկզբում հրաժարվեցին թարգմանել հարցը, փորձելով իրենք պատասխանել, թե «սա փոխարինման հարց չէ, համերգին չեն գալիս մեկ այլ տոմսերով, այլ իր տոմսերով եւ սա իր համերգն է»: Իսկ երբ լրագրողը պնդեց իր հարցը ու կազմակերպիչների միջեւ բանավեճ ծավալվեց, եւ երգիչը հարցրեց, թե ինչ է կատարվում, կազմակերպիչները ստիպված էին հարցը թարգմանել, սակայն այս դեպքում եւս այն սխալ թարգմանվեց, (նշեցին, թե մեկ այլ երգչի համերգին շատ մոտ է այս համերգը):

«Եթե ես եկել եմ, ես արդեն ուրախ եմ»,- նշել էր Ալեսանդրո Սաֆինան` հետաքրքրվելով, թե արդյոք իրենց դուր չի՞ գալիս, որ ինքը Հայաստանում է: Սրահում աժոտաժը չէր ավարտվել, երբ այս հարցից հետո հնչեց մյուս հարցը, թե երգիչն ի՞նչ գիտի Հայաստանի մասին: «Ես փոքր-ինչ ծանոթ եմ ձեր մշակույթին եւ ավելի շատ գիտեմ Շառլ Ազնավուրի մասին»,- ասաց նա: Լրագրողը, շարունակեց իր հարցը եւ հետաքրքրվեց, թե արդյոք երգիչը լսե՞լ է ցեղասպանության պահանջի մասին եւ ասուլիսը վարողը հետաքրքրվեց, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում եւ լրագրողին խնդրեց  փոխել իր խոսքի հնչերանգը, սկսվեց վիճաբանություն, երգիչն, ըստ երեւույթին վիրավորված եւ չհասկանալով, թե ինչ է կատարվում ասաց. «Ինչ-որ մե՞ղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»: Եվս մեկ հարցի պատասխանելուց հետո Ալեսանդրո Սաֆինան վեր կացավ եւ հեռացավ սրահից, իսկ ասուլիսը համարվեց ավարտված:

Հիշեցնենք, որ «Բոկոտն թագուհի» մականունով հանրահայտ երգչուհի Սեզարիա Էվորայի` Երեւանում սեպտեմբերի 29-ին չեղյալ հայտարարված համերգի փոխարեն նույն օրը կայանալու է Ալեսանդրո Սաֆինայի համերգը: Ինչպես NEWS.am-ին հայտնել էր «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, Սաֆինայի համերգը կայանալու է սեպտեմբերի 29-ին, ժամը 21-ին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։Նա նաեւ նշեց, որ տոմսերի գինը մնալու է նույնը, եւ Սեզարիայի Էվորայի համերգի տոմս գնած անձինք կարող են մասնակցել նոր համերգին: Իսկ ովքեր չեն ցանկանա մասնակցել, կարող են հետ տալ տոմսերը: Ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը հայտնել էր, որ մոտ 400-450 տոմս է վաճառվել, մեծամասամբ` հրավիրատոմսեր են բաժանվել: