Գյումրիում անշարժ գույքի շուկան ակտիվացել է, ավելացել է բնակելի տների առք ու վաճառքի գործարքների թիվը, նաեւ պահանջարկը` վարձակալությամբ տրվող բնակարանների նկատմամբ:
Անշարժ գույքի ու կադաստրի Գյումրիի տարածքային բաժնի պետ Արա Առաքելյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ շուկան ակտիվ է եղել դեռ մարտից, երբ առք ու վաճառքի գործարքների թիվը գերազանցել է 100-ը, վերջին տարիներին նման ցուցանիշ չէր արձանագրվել:
Գյումրիում գործող «Պագ էսթեյթ» անշարժ գույքի գործակալության վերջին ուսումնասիրությունների համաձայն բնակչության 70-80 տոկոսը սոցիալական պայմաններից ելնելով է վաճառել բնակարանը: «Վաճառում են տները, պատրաստվում են հեռանալ երկրից: Վերջին շրջանում մեծ է նաեւ պահանջարկը վարձակալությամբ տրվող բնակարանների նկատմամբ: Քանի որ մինչեւ երկրից հեռանալը վարձով են ապրում», - ներկայացրել է «Պագ էսթեյթ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Արարատ Պապոյանը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ Գյումրիում ակտիվ է ոչ միայն հին բնակֆոնդի տների վաճառքի գործընթացը, այլ նաեւ նորակառույց տների: «Նախորդ տարի Գյումրիի «Մուշ» թաղամասում շահագործման հանձնված բնակելի տների մասին է խոսքը, վերջին 3 ամիսներին մի քանի տասնյակ բնակարաններ սեփականաշնորհվել ու անմիջապես վաճառվել են Մուշում»,-նշել է Գյումրիի անշարժ գույքի եւ կադաստրային ստորաբաժանման պետ Արա Առաքելյանը:
Գյումրիում բնակարան վաճառող ընտանիքների մեծ մասը, ըստ Շիրակի մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Ալվարդ Մինասյանի, պոտենցիալ միգրանտներ են: Նրա խոսքով, մասնագիտական վերլուծությունն է այդպես ցույց տվել, որ դիմում են կենտրոն, ստանում տեղեկատվություն, որոշ ժամանակ անց վաճառում կամ վարձակալությամբ են տալիս բնակարաններն ու հեռանում:




























