Հայաստանի ԱԱԽ-ում, այսօր` սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել կրոնական անվտանգության ապահովման եւ քայքայիչ աղանդավորական շարժումներին հակազդեցության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ ազգային անվտանգության ռազմավարության գերակայություններից է կրոնական անվտանգության ապահովումը, որը ներառում է հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային ինքնությանն ու բարոյական արժեքներին սպառնացող երեւույթների կանխարգելումը:
Նրա խոսքով, քայքայիչ աղանդավորական կառույցները դիտվում են որպես ազգային անվտանգության, մասնավորապես` անձի, ընտանիքի, հասարակության եւ պետության գոյության, կայուն եւ անվտանգ կենսագործունեության ու զարգացման դեմ ուղղված սպառնալիք:
ԱԱԽ քարտուղարը առանձնակիորեն շեշտել է, որ մշակվող փաստաթուղթը որեւէ կերպ չի կարող առնչվել խղճի, դավանանքի, մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատությունների սահմանափակման հետ կամ գնահատվել որպես որեւէ կրոնական ուղղության նկատմամբ խտրականության դրսեւորում: Այն միտված է կանխարգելելու եւ զսպելու բացառապես այն աղանդավորական շարժումները, որոնք կրում են ապակառուցողական ու քայքայիչ բնույթ եւ կարող են կործանարար ազդեցություն ունենալ մարդու անձնական կյանքի, ընտանիքի, հասարակության, ժողովրդավարական ինստիտուտների վրա` խարխլելով պետականության հիմքերը եւ խաթարելով հասարակության համընթաց զարգացումը:
Չի նշվել սակայն, թե ինչպես եւ որ կառույցն է որոշելու, թե Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններից որն է «ապակառուցողական եւ քայքայիչ բնույթ կրում»:
Նշենք, որ կրոնական կազմակերպություններից շատերը, որոնց ԱԱԽ-ում անվանում են «քայքայիչ աղանդ», Հայաստանում օրինականորեն գրանցված կազմակերպություններ են եւ ստացվում է, որ ԱԱԽ-ն պետք է պայքարի օրինականորեն գրանցված եւ գործող կառույցների դեմ:



























