ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, ստորագրել է հրամանագիր ԼՂՀ-ի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ սահմանելու մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ հրամանագրի` ԼՂՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման մեջ գերազանց առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին խրախուսելու նպատակով 2011-2012 ուսումնական տարվանից սահմանվում է անվանական կրթաթոշակներ` յուրաքանչյուրը 20 (քսան) հազար դրամ գումարի չափով:
Հաստատվել է Արցախի հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ տալու կարգը՝ համաձայն հավելվածի:ԼՂՀ կառավարությանը հանձնարարվել է ապահովել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը:




























